«Հայաստանի զարգացման քաղցկեղը. Կրթության չիրացվող Իրավունք»

2017-04-12
Միջոցառումներ

Հարգելի գործընկերներ, Ապրիլի 28-ին ժամը 18:30-ին «Հոդված 3» ակումբը «Հետք» ինտերնետային թերթի հետ համատեղ կազմակերպում է ցուցահանդես «Հայաստանի զարգացման քաղցկեղը.ԿՐԹՈՒԹՅԱՆ չիրացվող ԻՐԱՎՈՒՆՔ» խորագրով: Լուսանկարչական ցուցահանդեսը ներկայացնում է մարզային դպրոցների վիճակը, որը տարիներ շարունակ դիտարկել, արձանագրել ու փաստագրել է լուսանկարիչ ՆԱՐԵԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ: Հայաստանի մարզերում ուսանում են ավելի քան 246 հազար աշակերտ, նրանց մեծ մասը ոչ միայն զրկված է հանրակրթական դպրոցներում որակյալ կրթություն ստանալու իրավունքից, այլև չունի այլընտրանքային կրթության հնարավորություններ: Գյուղական համայնքներում մասնագետների պակասն օրհասական խնդիր է, իսկ դպրոցների, հաճախ, անմարդկային պայմաններն անհնար են դարձնում բնականոն ուսումնական գործընթացը։ Կրթության իրավունքի անհամաչափ իրացման խնդիրը դարձել է ազգային անվտանգության հարց։ Միջազգային «ԹԻՄՍՍ» ստուգատեսի արդյունքներով արձանագրվել է գյուղական և քաղաքային համայնքների աշակերտների գիտելիքների բավական մեծ տարբերություն: 2012-ի տվյալներով գյուղական և քաղաքային համայնքների աշակերտների արձանագրած արդյունքներում մինչև 30 միավորի տարբերություն էր արձանագրվել։ Ավելին, ստուգատեսի վերջին արդյունքները չափազանց մտահոգիչ էին, քանի որ Հայաստանի 4-րդ դասարանցիների միայն 2 տոկոսն է մաթեմատիկա առարկայից բարձր ցուցանիշներ ունեցել, մինչդեռ 28 տոկոսը չի կարողացել հաղթահարել առարկայի գիտելիքների նվազագույն շեմը․ սա աղետ է, որն այսօր չկանխելու դեպքում կվտանգվի Հայաստանի ապագան։ Չնայած մեր երկրում կրթությունը հռչակված է որպես ռազմավարական ուղղություն, սակայն 2007-2013 թթ. պետբյուջեից կրթության ոլորտին հատկացվող գումարները նվազել են 14,98 տոկոսից հասնելով 9 տոկոսի։ Պետության կողմից կրթությանը տրվող գումարը տարածաշրջանում ամենաքիչն է՝ ՀՆԱ-ի 2.5 տոկոսը միայն․ չնայած Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրով նախատեսվում էր կրթությանը տրամադրվող գումարը հասցնել ՀՆԱ-ի 4 տոկոսի, բայց դա, ինչպես նաև համաչափ զարգացման խոստումները՝ մնացին թղթի վրա։ Ցուցահանդեսը նվիրված է վերը նշված խնդիրների վերհանմանն ու փաստագրմանը, ինչպես նաև այդ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված կամ, գրեթե, չիրականացված աշխատանքների գնահատմանը։ Հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 52 01 08 հեռախոսահամարով։ Սիրով, «Հոդված 3» ակումբի համակարգող թիմ