Թեպետ Հայաստանի երեք մարզերում՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում համայքների խոշորացման փորձնական ծրագրի արդյունքները դեռ մնում են վիճահարույց, կառավարությունն անցել է այս գործընթացի երկրորդ ու ավելի մեծ շրջափուլին: Ազգային ժողովն արդեն հաստատել է կառավարության նախաձեռնած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը, համաձայն որի միայն այս տարի 8 մարզերում կձևավորվի 20-ից ավելի խոշորացված համայնք, որոնց մեջ կմտնեն 250-ից ավելի փոքր համայնքներ: Սա փոխում է Հայաստանի ողջ վարչատարածքային պատկերը, որի հետեւանքներն ու արդյունքները մնում են վիճելի: Այս կարծիքին են ոլորտի փորձագետներն ու շատ համայնքների ղեկավարները: Խոշորացման ծրագրում են հայտնվել նաեւ շատ սահմանամերձ համայնքներ, որտեղ հաշվի առնելով Ադրբեջանի հետ առկա ռազմա-քաղաքական բարդ իրավիճակը և սոցիալ-տնտեսական սուր խնդիրները խիստ փոխկապակցված են անվտանգության հարցերի հետ: Չնայած կառավարության պնդումներին, որ խոշորացման ծրագրի արդյունքում բարձրանում է համայնքների կառավարման արդյունավետությունը, տնտեսվում են ռեսուրսներ և մեծանում ներդրումների հնարավորությունները, գյուղացիներն ու համայնքապետերը ներկայացնում են խնդիրներով լեցուն այլ պատկեր: Նրանց պնդմամբ փորձնական ծրագրով երեք մարզերի համայնքների խորոշացումից հետո խնդիրները միայն ավելացել են, իսկ դրանց լուծման գործընթացը՝ մի քանի անգամ դանդաղել: Նշվում է, որ եթե նախկինում գյուղապետն արագ արձագանքում էր իր համայնքում առկա խնդիրներին, ապա այժմ միայն համայնքապետի լիազորն է բարձրացնում հարցը ու սպասում խնդրի լուծմանը: Այսինքն՝ խնդիրների լուծման գործընթացը դանդաղել է: Կարևորելով համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ մարդկանց տեղեկացված լինելու և առկա խնդիրների մասին ազատ ու անկաշխանդ խոսելու անհրաժեշտությունը՝ «Հոդված 3» ակումբը կազմակերպում է հանրային քննարկում «Համայնքների խոշորացում. արդյունավետ կառավարո՞ւմ, թե՞ լիազորությունների ու ֆինանսների կենտրոնացում» թեմայով: Բանախոսներն են. ԱՇՈՏ ԳԻԼՈՅԱՆ, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ ՎԱՀԱՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ ՄՈՒՐԱԴ ՍԻՄՈՆՅԱՆ, ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքի ղեկավար ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մաքենիս համայնքի ղեկավար ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ-ում համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է, սակայն այն չպետք է ընթանա գաղտնի: Գործընթացը պետք է լինի մաքսիմալ թափանցիկ, որի վերջնապատակն է համայնքների կառավարման արդյունավետության բարձրացումը՝ համայնքային իշխանությունների լիազորությունների ու ֆինանսական միջոցների ապակենտրոնացմամբ: Այս մասին «Հոդված 3» ակումբում հունիսի 14-ին կայացած «Համայնքների խոշորացում. ադմինիստրատիվ միավորո՞ւմ, թե՞ լիազորությունների ու ֆինանսների ապակենտրոնացում» թեմայով հանրային քննարկման ժամանակ հայտարարեց «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը: Թեպետ Հայաստանի երեք մարզում՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում համայնքների խոշորացման փորձնական ծրագրի արդյունքները դեռ մնում են վիճահարույց, կառավարությունն անցել է այս գործընթացի երկրորդ ու ավելի մեծ շրջափուլին: Ազգային ժողովն արդեն հաստատել է կառավարության նախաձեռնած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը, համաձայն որի միայն այս տարի 8 մարզերում կձևավորվի 35 ավելի խոշորացված համայնք, որոնց մեջ կմտնեն 325 փոքր համայնքներ: Սա փոխում է Հայաստանի ողջ վարչատարածքային պատկերը, որի հետեւանքներն ու արդյունքները մնում են վիճելի: Այս կարծիքին են գոնե ոլորտի փորձագետներն ու շատ համայնքների ղեկավարներ: Թեպետ քննարկման բանախոս ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյան նշեց, որ նախարարություն իրականացրել է երկու տարի առաջ խոշորացված համայնքների կառավարման մոնիտորինգ և այն հրապարակել իր կայքում, սակայն ընդունեց, որ արդյունավետության վերաբերյալ խորքային հետազոտություն չի կատարվել: «Մյուս կողմից կարծում եմ դեռ վաղ է նման հետազոտության համար: Սակայն այդ հետազոտությունն էլ շուտով կանցկացվի», – ասաց Գիլոյանը: Նա նաեւ անդրադարձավ Վահան Մովսեսյանի այն պնդմանը, որ համայքների խոշորացման գործընթացը տեղի է ունեցել գաղտնի: Նշեք, որ Մովսեսյանն ի նկատի ուներ փնջերի ձևավորման գործընթացը, որը չի քննարկվել ոլորտի մասնագետների, քաղաքացիական հասարակության և մասնագիտական հանրության հետ: Աշոտ Գիլոյանը եւս ընդունեց, որ նման քննարկումներ համայքների փնջերը ձևավորելիս չի իրականացվել: Պարզվեց պատճառը քաղաքական է եղել: «Ուղղակի առջևում ընտրություններ (ի նկատի ունի խորհրդարանական ընտրությունները – խմբ.) էին և որոշում կայացվեց այդ հարցը քաղաքական շահարկումների առարկա չդարձնել», – ասաց նա: Հատկանշական է, որ խոշորացման ծրագրում են հայտնվել նաեւ ազգային փոքրամասնություններով և Ադրբեջանից հայ փախաստականներով բնակեցված համայնքներ, որտեղ խնդիրներն առավել զգայուն են: Ըստ Աշոտ Գիլոյանի տրվել են հետեւյալ լուծումները: «Օրինակ Արագածոտնում եզդիներով բնակեցված համայքները միավորվել են մեկ փնջի մեջ: Իսկ Գեղարքունիքում Ադրբեջանից հայ փախաստականները, որոնք չէին ցանականում միավորվել այլ բնակավայերի հետ, միավորվեցին մեկ փնջում», – նշեց բանախոսը: Քննարկման ժամանակ նաեւ նշվեց, որ համայնքների խոշորացումից հետո ավագանիներում կանանց թիվը քչացել է: ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանն ընդունեց այս իրողությունը՝ ասելով, որ օրենսդրորեն խնդիրն այս պահին չի կարող կարգավորվել: «Ընտրական օրենսգրքում նախաձեռնությունների ինստիտուտ է ստեղծվելու, ինչը ենթադրում է, որ համամասնական ընտրություն ու քաղաքացիների կողմից նախաձեռնություն կլինի: Իսկ սա հնարավորություն կստեղծի, որ ավագանիում լինեն նաև կանայք»,- ասաց Գիլոյանը: Միևնույն ժամանակ, չնայած կառավարության պնդումներին, որ խոշորացման ծրագրի արդյունքում բարձրանում է համայնքների կառավարաման արդյունավետությունը, տնտեսվում են ռեսուրսներ և ներգրավում ներդրումներ, գյուղացիներն ու նախկին համայնքապետերը ներկայացնում են խնդիրներով լեցուն այլ պատկեր: Նրանց պնդմամբ փորձնական ծրագրով երեք մարզերի համայնքների խորոշացումից հետո խնդիրները միայն ավելացել են, իսկ դրանց լուծման գործընթացը՝ մի քանի անգամ դանդաղել: Վերոնշյալ պնդումների հետ չհամաձայնեցին քննարկման բանախոսներ Աշոտ Գիլոյանն ու Սյունիքի մարզի Տեղ (խոշորացված) համայնքի ղեկավար Ներսես Շադունցը: Նախ Գիլոյանը նշեց, որ համայնքների խնդիրներին ավելի մեծ ուշադրություն է դարձվում, քանի որ խոշոր համայնքի ձայնն ավելի լսելի է: «Արդեն իսկ կան ակնառու փաստեր, որ հեռու համայնքների ճանապարհներն էլ ուշադրության կենտրոնում են», – ասաց նա: Ներսես Շադունցը խոսեց իր համայնքի օրինակի հիման վրա: Նրա խոսքով, խոշորացման արդյունքում Տեղ համայնքի բյուջեն կազմել է 150 մլն դրամ: «Միայն խոշորացումից հետո է 7 բնակավայարերից 5-ում է լուծվել կանոնավոր աղբահանության խնդիրը, 3 մանկապարտեզում վերանորոգման աշխատանքներ են ընթանում՝ 20 հազար ԱՄՆ դոլարի ներդրմամբ», – ասաց նա՝ հավելելով, որ նաեւ որոշակի հաստիքային կրճատումներ է կատարել: Կրճատել է մեկ գրադարանավարի հաստիք, քանի որ այդ գրադարանը, ըստ համայնքապետի, գործունեության օրվանից չի էլ բացվել: Նույն պատճառով կրճատել է նաև մշակույթի տան ակումբավարի հաստիքը: Դրա հետ մեկտեղ, ըստ նրա, եղել են ներդրումներ: Խնածախ գյուղում 21 մլն դրամի ներդրում է կատարվել խմելու ջրի ջրագիծ անցկացնելու համար, քանի որ այդ գյուղը 200 տարուց ավել խմելու ջուր չի ունեցել: «Իսկ այսօր, երբ պոմպակայանը փչանում է և իրենք չեն հասցնում վերանորոգել, արդյունքում երկու օր գյուղացիները ջուր չեն ունենում, բողոքում են մարդու իրավունքների հանրային պաշտպանի գրասենյակ, թե երկու օր է ջուր չունենք: Տեղ համայնքի ղեկավարը զարմանում է՝ իսկ ինչո՞ւ 200 տարի չէին բողոքում», – ասաց նա: Վահան Մովսեսյանն այս հարցի վերաբերյալ հավելեց, որ խոշորացման արդյունքում ռեսուրսների որոշակի խնայողություն իրականացվում է, քանի որ հաստիքներ են կրճատվում: Սակայն նա շտապեց հավելել, որ խնայողություն դեռ չի նշանակումայդ գումարների վերադարձ պետական բյուջե: «Ընդհանրապես, տեղական բյուջեները 2 ծախս ունեն՝ ընթացիկ և կապիտալ: Ընթացիկն ապրելունն է, ընթացիկ ծառայությունների համար, իսկ մյուսը՝ կապիտալ արժեքներ ստեղծելու՝ նոր ճանապարհ, մանկապարտեզ և այլն: Խնայումը հետևյալ ֆոնին է՝ ընթացիկ ծախսերը սկսում են տնտեսվել ու ներդրում է լինում կապիտալ ծախսի վրա: Սակայն խոշորացման ծրագրի ընդդիմախոսներն այլ բան են ասում, թե՝ տեսեք, փող չկա ու տնտեսում ենք, որ քիչ փողով ապրեն»,- ասաց Մովսիսյանը: Քննարկման ավարտին բանախոսները միակարծիք էին այն հարցում, որ վարչատարածքային փոփոխությունները պետք է ուղեկցվեն լիազորությունների ու ֆինանսական միջոցների ապակենտրոնացմամբ, և երաշխավորեն համայնքների լսված լինելու իրավունքը: Նշենք, որ քննարկմանը «Հոդված 3» ակումբի թիմը հրավիրել էր նաեւ խոշորացման ծրագրում ընդգրկված Արագածոտնի, Գեղարքունիքի ու Կոտայքի մի շարք համայքների ղեկավարների, սակայն չնայած նախնական պայմանավորվածությանը, նրանք չմասնակցեցին միջոցառմանը: