Վերջին շրջանում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների շուրջ քննարկումները չեն դադարում: Ինչպես հայտնի է, աշխատանքային քննարկման է ներկայացվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որով չի նախատեսվում նշված առարկաների պարտադիր ուսուցում: Լեզվի, պատմության մասնագետների և կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի խորհրդականի կարծիքները տարբեր են: Օրենսդրական փոփոխության դեմ հանդես եկողները պնդում են, որ բուհական համակարգում հայոց լեզվի դասավանդումը շատ կարևոր է, կնպաստի լրացնել կրթության բացը: Նրանք վստահ են, որ աշակերտները դպրոցում ուսանում են լեզվի քերականությունը, օրենքները, իսկ համալսարանում այն անհրաժեշտ է միացնել մասնագիտականին: Բուհական համակարգում այն նաև նպատակ ունի մասնագիտական՝ իրավաբանության, տնտեսագիտության և այլ ոլորտների լեզու սովորեցնել: Նախաձեռնության կողմնակիցները պնդում են, որ բուհերի այլ մասնագիտական ուղղվածության ֆակուլտետներում այս առարկաների բացակայությունը խնդիր չէ, ավելին՝ ուսանողների համար անգամ «ժամանակի կորուստ է», քանի որ մասնագիտական կրթությունն ավելի կարևոր է: Որքանո՞վ է նպատակահարմար օրենսդրական փոփոխությամբ բուհական համակարգում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր, ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ կրթության որակի վրա: Այս հարցերին հանգամանորեն կանդրադառնանք հոկտեմբերի 30-ին, ժամը 12:00-ին «Հոդված 3» ակումբում նախատեսվող «Հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը՝ ոչ պարտադիր. նախաձեռնության նպատակահարմարությունը» թեմայով քննարկմանը: Բանախոսներն են. ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱԲԵԿՅԱՆ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական ՎԱՀԱԳՆ ԹԵՎՈՍՅԱՆ, ՀՀ ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՎԱՀՐԱՄ ԹՈՔՄԱՋՅԱՆ, պատմաբան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ ՀՈՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ