Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն

2019-10-31
Միջոցառումներ

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն. ինչպե՞ս վերականգնել խախտված իրավունքները եւ թույլ չտալ նոր խախտումներ Օրեր առաջ ՀՀ Արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թթ․ գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարության և դրանից բխող Գործողությունների ծրագրի նախագծում ասվում է, որ ՀՀ կառավարության հնգամյա գործունեության մեջ առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանվածությունը, մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ապահովմամբ` բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը։ Ոչ վաղ անցյալում ՀՀ-ում մարդու իրավունքների բազմաբնույթ ու երբեմն էլ մասսայական խախտումներից հետո, նոր կառավարությունն իրավիճակը շտկելու հանձնառություն է վերցնում: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նպատակներն են՝ Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և երաշխավորումը: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունների պաշտպանությանն ու երաշխավորմանն ուղղված պետական հետևողական քաղաքականության իրականացումը: Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով երաշխավորված քաղաքացիական և քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության կառուցակարգերի բարելավումը՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների առաջարկությունները և հանձնարարականները: Մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների մասին հանրային իրազեկության բարձրացումը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև հասարակության և քաղաքացիների կողմից սեփական իրավունքների պաշտպանության խրախուսումը, մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների վերաբերյալ գիտելիքների տարածումը՝ կրթական ծրագրերի իրականացման միջոցով։ Նախանշել մարդու իրավունքների միասնական քաղաքականության ուղղությունները՝ հիմքեր ստեղծելով հետագա տարիներում իրականացվելիք գործողությունների համար: Վերոնշյալ նպատակներին հասնելու նպատակով, առկա իրավիճակի համար նախանշվում և առանձնացվում են հետևյալ ռազմավարական գերակայությունները. 1․ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանություն, 2․ Սոցիալ տնտեսական իրավունքների պաշտպանություն, 3․Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովում։ Որքանո՞վ է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը համապատասխանում տարիներ ի վեր Հայաստանում խախտված իրավունքների վերակնգնման եւ նմանատիպ խախտումներն ապագայում կանխելու նպատակին, ի՞նչ թույլ եւ ուժեղ կողմեր ունի այս փաստաթուղթը, արդյոք Հայաստանի կառավարությունն ինստիտուցիոնալ հզորությունների առումով ի վիճակի՞ է հավուր պատշաճի կյանքի կոչել այս փաստաթուղթը: Այս հարցերին հանգամանորեն կանդրադառնանք հոկտեմբերի 31-ին, ժամը 11:30-ին «Հոդված 3» ակումբում նախատեսվող «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն. ինչպե՞ս վերականգնել խախտված իրավունքները եւ թույլ չտալ նոր խախտումներ» թեմայով քննարկմանը: Բանախոսներն են. ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար ՆԻՆԱ ՓԻՐՈՒՄՅԱՆ, ՄԻՊ աշխատակազմի hետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ