Իրանում իրավիճակն անհանգիստ է: Իրանի տասնյակ քաղաքներում կառավարության որոշմամբ բենզինի գնի կտրուկ բարձրացման դեմ բողոքի գործողությունները շարունակվում են: Մի շարք քաղաքներում ընդհարումների հետևանքով զոհեր և վիրավորներ կան: Իրանում ցուցարարների դեմ ուժ է կիրառվում, իսկ ինտերնետն անջատել են։ ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել «իրանական ժողովրդին իր խաղաղ բողոքի ցույցերում» և դատապարտել ուժի կիրառումը: Հայտարարությունը հաջորդել է Իրանի իշխանությունների այն ահազանգին, որ պետությունը սահմանափակում է վառելիքի ձեռքբերման հնարավորությունը քաղաքացիների համար, նաև կրճատում վառելիքի գների սուբսիդավորումը՝ ամերիկյան պատժամիջոցների ֆոնին։ Միևնույն ժամանակ, Իրանի իշխանությունները նախազգուշացրել են, որ պատրաստ են խիստ պատասխան տալ բողոքի զանգվածային ցույցերին, որոնք անցկացվում են երկրի արդեն գրեթե 100 քաղաքներում։ Իրանական Fars լրատվական գործակալությունը հայտնում է, որ ձերբակալվել է մոտ հազար մարդ: Ըստ պետական լրատվամիջոցների հաղորդումների, ցույցերի ընթացքում հարյուրից ավելի բանկեր և խանութներ են այրվել: Հայաստանի համար աշխարհաքաղաքական ու տնտեսական կարևորություն ներկայացնող Իրանում ներքին անկայունության խորացումը լուրջ տարածաշրջանային մարտահրավեր է: Թե ինչպես կզարգանան Իրանում բախումները, ինչ հետևանքներ այն կարող է ունենալ տարածաշրջանի, մասնավորապես Հայաստանի վրա, այս հարցերին հանգամանորեն կանդրադառնանք նոյեմբերի 19-ին, ժամը՝ 13:00-ին, «Հոդված 3» ակումբում նախատեսված «ԻՐԱՎԻՃԱԿՆ ԻՐԱՆՈՒՄ ՍՐՎՈՒՄ Է. ապակայունացման տնտեսական ու աշխարհաքաղաքական հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ: Բանախոսներն են. ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան ԱՐՏՅՈՄ ՏՈՆՈՅԱՆ, իրանագետ ԱՏՈՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ, Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ