ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ որքանո՞վ են արդյունավետ օրենսդրական մեխանիզմները

2019-11-25
Միջոցառումներ

Նոյեմբերի 25-ին մեկնարկում է «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ ակտիվության 16-օրյակ» ամենամյա քարոզարշավը, որը նպատակ ունի բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը կանանց նկատմամբ բռնության խնդրի վերաբերյալ։ Այդ 16 օրերը ձգվում են նոյեմբերի 25-ից (Կանանց նկատմամբ բռնության վերացման օր) մինչև դեկտեմբերի 10-ը (Մարդու իրավունքների օր)։ Ընտանեկան բռնության խնդիրը Հայաստանում թեպետ շատ չի բարձրաձայնվում, սակայն տարեց տարի ավելացող դեպքերը լուրջ մտահոգության առիթ են: Շուրջ 2 տարի է՝ գործում է «Ընտանիքում բռնության կախարգելման մասին» օրենքը, սակայն ընտանեկան բռնության ահասարսուռ դեպքերը շարունակվում են արձանագրվել։ Այս տարվա մայիսին ոստիկանությունը հայտնեց Շահումյան գյուղում 30-ամյա Մարիամ Ասատրյանի սպանության մասին: Սպանությունը կատարել էր նրա զուգընկերը, որը, ինչպես պարզվեց, տարիներ շարունակ ֆիզիկական ու հոգեբանական բռնություն էր կիրառել կնոջ նկատմամբ: Այդ մասին տեղեկացվել էր նաև ոստիկանությունը: Մինչ այդ 2018 թվականի սեպտեմբերին Արմավիրի մարզում տեղի ունեցավ մանկահասակ երեխայի սպանության դաժան դեպք։ Նախնական տվյալներով՝ երեխայի նկատմամբ բռնություն էր գործադրել հայրը։ Վերջինս, ըստ պաշտոնական տվյալների, ծեծել է մանկահասակ որդուն, բռնություն գործադրել նաև կնոջ նկատմամբ։ Այս և բռնության այլ դեպքերը վկայում են, որ ընտանիքում բռնությունից պաշտպանության օրենսդրական մեխանիզմները թերի են աշխատում։ Կանանց իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են` վերջին 8 տարում Հայաստանում առնվազն 60 կին է սպանվել ընտանիքում: ՀՀ Քննչական կոմիտեի տվյալներով՝ 2018 թվականի ընթացքում քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 քրեական գործ՝ նախորդ տարվա 458-ի դիմաց։ Ընդ որում` քրեական գործերի մեծ մասի` 193 դեպքում բռնությունը կիրառողը եղել է ամուսինը, 12 դեպքում՝ կինը, 12 դեպքում` մայրը, 27 դեպքում՝ հայրը, 2 դեպքում` խորթ հայրը, 13 դեպքում՝ եղբայրը կամ քույրը, 4 դեպքում` տատը կամ պապը, 40 դեպքում` հարազատ կամ որդեգրած զավակը, 7 դեպքում` թոռը, 9 դեպքում՝ ամուսնու ծնողները, 13 դեպքում՝ հարսը կամ փեսան։ Ինչո՞ւ են Հայաստանում շարունակվում ընտանեկան բռնության դաժան դեպքերը, ինչո՞ւ ընդունված օրենքի կանխարգելիչ մեխանիզմները լիարժեք չեն գործում, ոլորտում ի՞նչ ինստիտուցիոնալ խնդիրներ կան և պատրա՞ստ է արդյոք պետական ապարատն ընտանիքում բռնության կանխարգելման օրենսդրական մեխանիզմների կիրառմանը։ Այս հարցերին հանգամանորեն կանդրադառնանք «Հոդված 3» ակումբում՝ նոյեմբերի 25-ին, ժամը՝ 11։00-ին նախատեսված «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ որքանո՞վ են արդյունավետ օրենսդրական մեխանիզմները» թեմայով քննարկման ժամանակ։ Բանախոսներ են․ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ ՕԼԳԱ ԱԶԱՏՅԱՆ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական ԹԱԳՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆ, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ