Առողջության համապարփակ ապահովագրություն

2019-12-03
Միջոցառումներ

Վերջին օրերին բուռն քննարկվում է առողջապահության նախարարության ներկայացրած հայեցակարգը Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրություն ներդնելու մասին։ Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանել առողջության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով։ Նախաձեռնության կողմնակիցները նշում են ողջ բնակչության համար առողջապահական ծառայությունների հասանելիության կաևորության մասին, իսկ ընդդիմախոսները «նախագիծը համարում են շատ մեծ սխալ»: Նախարարությունում նշում են՝ խոսքը ներառական համակարգի մասին է, համաձայն որի, առողջապահությունը Հայաստանի 3 միլիոն քաղաքացիների համար հասանելի դարձնելու համար պետք է աշխատող մարդիկ վճարեն առողջապահական հարկ: Այդ հարցը լուծելու համար, նախարարության հաշվարկով, 250 միլիարդ դրամ է պետք, իսկ բյուջեն տալիս է 109 միլիարդ: Նախնական հաշվարկների համաձայն, աշխատող բնակչության 41 տոկոսից ավելին ամսական 150 հազար դրամ և ավելի եկամուտ ունի, ու նրանց համար առողջապահության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ: Իսկ ովքեր ավելի փոքր եկամուտ ունեն, այդ հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով։ Առողջապահության համապարփակ ապահովագրությունը, եթե ընդունվի, պարտադիր է լինելու բոլորի համար՝ ուսանող, թոշակառու, գործազուրկ, թե բարձր եկամուտով ֆինանսիստ: Նախագծի ընդդիմախոսները նշում են առաջարկվող մոդելի ոչ արդարացի լինելու մասին: Նրանց խոսքով՝ փաստացի աշխատողները պետք է վճարեն չաշխատողների առողջապահական ծախսերի համար: Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հանգամանորեն կանդրադառնանք «Հոդված 3» ակումբում դեկտեմբերի 3-ին, ժամը՝ 12:00-ին, նախատեսված «Առողջության համապարփակ ապահովագրություն» թեմայով քննարկման ժամանակ: Բնախոսներն են. ԾԱՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ ՀԱՅԿ ՄԱՆԱՍՅԱՆ, բժիշկ ՓԱՅԼԱԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, «Հարկատուների պաշտպանություն» ՀԿ ղեկավար