Ոստիկանությունը գաղտնալսելու է. օրենսդրական նախագծի ռիսկերը

2019-12-12
Միջոցառումներ

Ոստիկանությանը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը հանրային լայն հնչեղություն ստացավ: Խորհրդարանում դեկտեմբերի 10-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Պատգամավորներն առաջարկում են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալ նաև ոստիկանությանը: Շատերը քննադատեցին պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը՝ նշելով, որ ԱԱԾ-ից բացի ևս մեկ կառույցի տրվում է քաղաքացիներին գաղտնալսելու հնարավորություն, ինչը մարդկանց վերահսկելու և նրանց նկատմամբ կոմպրոմատներ ձեռք բերելու ճանապարհ է բացում: Ինչո՞ւ առաջացավ ոստիկանությանը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տրամադրելու անհրաժեշտությունը, արդյոք այն կբարձրացնի իրավապահ համակարգի աշխատանքի արդյունավետությունը և ինչ ռիսկեր կան տվյալ նախաձեռնության առնչությամբ: Այս հարցերին հանգամանորեն կանդրադառնանք դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին, «Հոդված 3» ակումբում նախատեսվող «Ոստիկանությունը գաղտնալսելու է. օրենսդրական նախագծի ռիսկերը» թեմայով քննարկման ժամանակ: Բանախոսներն են. ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օրենսդրական նախաձեռնության համահեղինակ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, ազգագրագետ ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան