Հայկական բնապահպանական ճակատը «Հոդված 3» ակումբի հետ համատեղ դեկտեմբերի 19, ժամը 17։00-ին ցուցադրում է Բարսելոնայի Setem Catalunya և AulaMedia կազմակերպությունների համատեղ վավերագրական ֆիլմը՝ էլեկտրոնային տեխնոլոգիաների, մասնավորապես բջջային հեռախոսների արտադրության ողջ ապրանքային շղթայի մասին։ Ֆիլմի դիտմանը կհաջորդի քննարկում՝ սպառողականության կապիտալիստական քաղաքականության մասին։ Ինչպե՞ս է արտադրվում աշխարհում ամենամեծ սպառումն ունեցող ապրանքներից մեկը՝ բջջային հեռախոսը․ ի՞նչ հումքից, ինչպե՞ս է ստացվում հումքը, ո՞վ է հավաքում հեռախոսը, ի՞նչ պայմաններում, ինչո՞ւ են հեռախոսները բարոյապես մաշվում, ի՞նչ թափոններ են առաջանում, ո՞ւր են տեղափոխվում դրանք, ի՞նչ սոցիալական, բնապահպանական ու տնտեսական ազդեցություն ունի բջջային հեռախոսների արտադրությունը։ Ֆիլմն անդրադառնում է նաև անարդար արտադրական պրակտիկաների ու սպառողականության դեմ պայքարի մի շարք փորձերի։ Լեզուն՝ կատալոներեն հայերեն ենթագրերով Ֆիլմի տևողությունը՝ 30 րոպե Քննարկում՝ 40 րոպե Ֆիլմը տրամադրել է Setem Catalunya կազմակերպությունը Բջջային հեռախոսների սոցիալական կոնգրեսի ժամանակ՝ 2019թ․ փետրվարին։ Կոնգրեսի նպատակն էր հակադրվել Բարսելոնայում նույն օրերին ընթացող՝ բջջային հեռախոսների համաշխարհային կոնգրեսին՝ (Mobile World Congress) և ցույց տալ, թե տեխնոլոգիաների արտադրությունն ինչ քողարկված կողմեր ունի՝ աղտոտված հանքարդյունաբերական տարածքներ, աղքատացած ու առողջությունից զրկված բնակչություն, ժամանակակից ստրկատիրական կարգեր էլեկտրոնիկայի ֆաբրիկաներում, անսանձ սպառողականության խթանում, ահռելի էլեկտրոնային թափոնների կուտակում ու փոխանցում հարուստ երկրներից աղքատ երկրներ։