ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը e-draft-ում տեղադրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության նպատակը, պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և ուղղությունները: Նախագիծը ներառում է նաև այս ոլորտում կառավարության և լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովմանն առնչվող պահանջները, դրան հասնելու թիրախային ուղղությունները: Օրենքի նախագծում ընդգրկված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր և տարեկան ծրագրերի վերաբերյալ դրույթներ: Նախագծով սահմանվում է նաև դրույթ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի վերաբերյալ: Ներկայացված օրենքի նախագծին հանգամանորեն կանդրադառնանք մարտի 3-ին, ժամը՝ 13:30-ին, «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Զարոբյան 32, Չեխովի անվան դպրոցի ետնամաս) նախատեսված «Ինչպե՞ս են պաշտպանվելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները. նոր օրենքի նախագիծ» թեմայով քննարկման ժամանակ: Բանախոսներն են. ԳԵՄԱՖԻՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ ՀԵՐԻՔՆԱԶ ՏԻԳՐԱՆՅԱՆ, ՀՀ ԱԺ պատգամավոր, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Հարցերի և տեղեկությունների համար կարող եք կապվել մեզ հետ 012 313 314 հեռախոսահամարով։ Հարգանքով, «Հոդված 3» ակումբի համակարգող թիմ