Սպանություն և ծեծ Գյումրիում. ԸԲ կանխարգելման խնդիրները

2020-03-09
Միջոցառումներ

Գյումրիում օրերս 43-ամյա կնոջ սպանությունը և նրա 13-ամյա դստեր դաժան ծեծը, որի կատարման համար նախնական տվյալներով կասկածվում է կնոջ զուգընկերը, հանրային մեծ արձագանք ստացավ: Այս հանցագործությունը ևս մեկ անգամ ստիպում է անդրադառնալ Հայաստանում ընտանեկան բռնության խնդրին, այդ հանցագործության կանխարգելման ազգային օրենսդրության մեխանիզմների արդյունավետությանը և հանրային ընկալումներին: Խնդրին քաղաքական մակարդակով առաջինն անձագանքեցին Ազգային ժողովում կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները՝ մատնանշելով ոլորտը կարգավորող օրենսդրական խստացումների կարևորությունը: Պակաս խնդրահարույց չեն նաև հանրային ընկալումները, որոնցում շատ հաճախ ընտանեկան բռնության զոհը կրկնակի է զոհայնացվում, սկսում են քննարկել նրա բարոյական կերպարը, երբեմն արդարացնում բռնությունը, իսկ դրա մասին բարձրաձայնողներին «օտարերկրյա գործակալներ» անվանում: Գյումրիում սպանության դեպքը ևս տեղի է ունեցել ցերեկային ժամին, բնակելի թաղամասում, հասարակության անտարբերության ներքո։ Տարբեր լրատվամիջոցներում հարևանները նշել են, որ ընտանիքի անդամները պարբերաբար եղել են կապտուկներով։ Պաշտոնական տվյալներով, Քննչական կոմիտեում ընտանեկան բռնությունների հետ կապված քննվող գործերի թիվը տարեցտարի ավելանում է։ 2019թ. ընթացքում ՔԿ վարույթում է գտնվել ընտանեկան բռնության վերաբերյալ 635 քրեական գործ: 2018-ին ՔԿ վարույթում եղել է 519 քրեկան գործ: 2019 թ. ընթացքում վարույթում եղած ընտանեկան բռնության վերաբերյալ 635 քրեական գործերից 14-ը հարուցված են եղել սպանության կամ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Գործերի գերակշռող մասի՝ 338-ի հիմքում եղել է ծեծը։ Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրեսդրական մեխազիմերի արդյունավետությանն ու այդ հանցագործության հանրային ընկալումներին հանգամանորեն կանդրադառնանք մարտի 9-ին, ժամը՝ 12:00-ին, «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Զարոբյան 32, Չեխովի անվան դպրոցի ետնամաս) նախատեսված «Սպանություն և ծեծ Գյումրիում. ընտանեկան բռնության կանխարգելման խնդիրները» թեմայով քննարկման ընթացքում: Բանախոսներն են. ՆԵԼԼԻ ԴՈՒՐՅԱՆ, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր ՀԱՄԱԶԱՍՊ ԴԱՆԻԵԼՅԱՆ, «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր ԱԻԴԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Վորլդ Վիժն Հայաստան, երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար