Ռուբլու արժեզրկման հետևանքները Հայաստանի տնտեսության վրա

2020-03-12
Միջոցառումներ

Նավթի գնանկումով պայմանավորված՝ ռուսական ռուբլին սրընթաց արժեզրկվում է։ Դա որոշակի ժամանակային լագով կարող է ազդել նաև Հայաստանի տնտեսության վրա: Փորձագետների մի մասի կարծիքով, դա կլինի ոչ միանգամից ու ոչ շատ մեծ չափով: Կան տնտեսագետներ, որ կանխատեսում են 2014-ի սցենարի կրկնությունը Հայաստանում, երբ դրամը կտրուկ արժեզրկվեց: 2014-ին հենց տրանսֆերտների կրճատումը և ՌԴ-ում գնողունակ պահանջարկի անկումը հանգեցրեց Հայաստանում դոլարի կտրուկ արժևորման և տնտեսական իրավիճակի վատթարացման՝ հարվածելով թե՛ ներքին պահանջարկին, թե՛ Ռուսաստանի շուկայում հայկական ապրանքների գնողունակ պահանջարկին, այն է՝ մրցունակությանը: Հոռետեսական կանխատեսումները սակայն բախվում են այն իրողությանը, որ այժմ արժութային ու ֆինանսական իրավիճակը Հայաստանում ավելի կայուն է: Տրանսֆերտներից ունեցած կախվածության մակարդակն այժմ Հայաստանի տնտեսության համար ցածր է, քան երբևէ: 2019-ին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է ՀՆԱ-ի ընդամենը 3.7%-ը, համեմատության համար՝ 2014-ին նույն ցուցանիշը եղել է 10.5%, իսկ 2013-ին ավելի բարձր՝ 13%: Հայաստանի արտարժութային պահուստները բարձր մակարդակի վրա են: 2020-ի փետրվարին միջազգային պահուստները կազմել են 2.6 մլրդ դոլար, իսկ Կենտրոնական բանկը մինչև վերջերս շարունակում էր արտարժույթ գնել շուկայից, որ թույլ չտա դրամի էլ ավելի արժևորումը դոլարի նկատմամբ: Հայաստանի տնտեսության վրա ռուբլու արժեզրկման ազդեցության հնարավորություններին կանդրադառնանք մարտի 12-ին, ժամը՝ 11:00-ին, «Հոդված 3» ակումբում նախատեսված «Ռուբլու արժեզրկման հետևանքները Հայաստանի տնտեսության վրա» թեմայով քննարկման ժամանակ. Բանախոսներն են. ՏԻԳՐԱՆ ՋՐԲԱՇՅԱՆ, «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, տնտեսագետ ՀԱՅԿԱԶ ՖԱՆՅԱՆ, տնտեսագետ