«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն գործունեություն է ծավալում 2013թ-ից, սկզբում որպես քաղաքացիական նախաձեռնություն, իսկ 2016 թ. ի վեր՝ որպես գրանցված կազմակերպություն։
ՀՀԻ առաքելությունն է՝
Մենք հավատացած ենք, որ առողջ հասարակության հիմնական գրավականը արժանապատիվ ու իրավագիտակից անհատն է, որի ձեւավորմանն էլ ուղղված է մեր գործունեությունը:
Գայանե Աբրահամյանը «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի հիմնադիրն է։ Լրագրողական գործունեությունը սկսել է 2001 թվականից՝ աշխատելով Amenian International Magazine (AIM) ամսագրում և «Armenianow.com» առցանց պարբերականում՝ հիմնականում անդրադառնալով մարդու իրավունքների, մասնավորապես կանանց, երեխաների, առողջապահական իրավունքների, խոցելի խմբերի, սոցիալական արդարության, կրթական, տնտեսական ու քաղաքական խնդիրներին: 2007 թվականից միջազգային Eurasianet.org պարբերականի թղթակիցն է Հայաստանում, պարբերաբար թղթակցում է նաև The Guardian -ին: Արժանացել է տեղական և միջազգային լրագրողական տասը մրցանակների, այդ թվում ԱՄՆ-ում անցկացվող "Catholic Press Award 2010" մրցույթի առաջին մրցանակին: Մասնակցել է միջազգային բազմաթիվ դասընթացների, գործնական աշխատանքներ է իրականացրել Reuters-ում, New York Times-ում և ԱՄՆ-ի International Center for Journalism կենտրոնում ուսումնառության ընթացքում նաև Boston Globe-ում: Լրագրության ոլորտի տարբեր խնդիրների մասին դիտարկումներով հանդես է եկել TedxYerevan -ում, որը կարող եք լսել այստեղ՝ Can Journalists Avoid the Inner Call for Activism? | Gayane Abrahamyan | TEDxYerevanSalon: Ներկայումս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է։
Գոհար Աբրահամյանը «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի համահիմնադիրն է և ծրագրերի համակարգողը։ Աբրահամյանն ունի մագիստրոսի աստիճան ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետից։ 2010 թվականից ի վեր աշխատել է մի շարք տեղական և միջազգային լրատվամիջոցներում, www.armenianow.com-ում, նյութեր է հրապարակել ՀԲԸՄ ամսագրում, վերլուծություններ իրականացրել Պատերազմի և խաղաղության լուսաբանման և Քաղաքացիական հասարակության ինստիտուտների համար։ Նա նաև մասնակցել է լրագրության ոլորտին վերաբերող մի շարք տեղական և միջազգային դասընթացների, այդ թվում ռազմական լրագրության եռամսյա դասընթացին, Բեռլինում կայացած երիտասարդ լրագրողների քաղաքական հիմնահարցերի լուսաբանման սեմինարին, Բոսնիա Հերցեգովինայի տարածքային հակամարտությունների հիմնահարցերին վերաբերող ուսումնական այցին, Վրաստանի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ դասընթացին և այլն։
Սաթենիկ Բաղդասարյանը «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի նախագահն է, մինչ այդ նա համակարգում էր ՀԿ-ի հիմնադրած «Հոդված 3» ակումբի ծրագրերը։ Աշխատել է «Տարածաշրջանային հետազոտությունների» կենտրոնում՝ որպես ծրագրերի ղեկավար։ Բաղդասարյանը գրել է հոդվածներ և վերլուծություններ տարբեր միջազգային պարբերականների համար և հանդես է եկել՝ որպես դասընթացավար մի շարք միջազգային երիտասարդական ծրագրերում։ Նա ունի մագիստրոսի աստիճան ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» Եվրոպական ուսումնասիրություններ մասնագիտացմամբ և բակալավրի աստիճան նույն համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնից։ Բաղդասարյանը մասնակցել է մի շարք միջազգային ակադեմիական և վերապատրաստման ծրագրերի, այդ թվում PFP օրենսդրական ոլորտի մասնագետների վերապատրաստման ծրագրի, Քաղաքական և տնտեսական համակարգերի ամերիկյան ինստիտուտի, ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի դպրոցի, ՄԹ Քրենֆիլդ համալսարանի, Տարտուի համալսարանի, Թբիլիսիի պետական և մի շարք այլ համալսարանների տարբեր ծրագրերի շրջանավարտ է։
Արշալույս Մղդեսյանը «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության կողմից հիմնադրված «Հոդված 3» ակումբի մեդիա ծրագրի համակարգողն է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը: Ստացել է մագիստրոսի աստիճան նույն մասնագիտությամբ: Սովորել է նաև Կովկասի ինստիտուտի քաղաքագիտության բաժնում: Ուսուցմանը զուգահեռ ներգրավվել է Կովկասի ինստիտուտի Մեդիա ոլորտի մոնիտորինգի ծրագրերում: Այնուհետև ավարտել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի՝ ԵՄ «Արևելյան գործընկերության» Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում տարածաշրջանային ծրագրով մագիստրատուրան: Ուսանել է նաև Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում: Մեդիա ոլորտում աշխատանքը սկսել է PanARMENIAN.Net գործակալության հետ համագործակցելով 2009 թվականից՝ լուսաբանելով քաղաքական և տնտեսական թեմաներ: 2010-2014 թթ. աշխատանքի է անցել ռուսական միջազգային REGNUM լրատվա-վերլուծական գործակալությունում: Լուսաբանել է քաղաքական, տնտեսական և սոցիալական թեմաներ: Համագործակցել է նաև «Kavpolit.com», «Bigcaucasus.com», «EADaily.com» լրատվական գործակալությունների հետ: Այժմ համագործակցում է «Հայկական ժամանակ» թերթի հետ եւ լուսաբանում քաղաքական, տնտեսական եւ արտաքին քաղաքանությանը վերաբերող իրադարձություններ: 2015-ի հունվարի 1-ից միացել է «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությանը եւ հանդիսնում է «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգողը:
Մարիա Աբրահամյանը «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության կողմից հիմնադրված «Հոդված 3» ակումբի մարդու իրավունքների ծրագրերի պատասխանատուն է։ Նա աշխատում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 2010թ.: Սկսելով կարիերան սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանությունից՝ նա հետագայում ներգրավվել է քաղաքացիական իրավունքների պաշտպանության ոլորտ՝ կենտրոնանալով հակախտրականության, բռնության կանխարգելման և կրթական ծրագրերի համակարգման և հետազոտությունների վրա: Մարդու իրավունքների ոլորտում մի քանի զեկույցների ու ուսումնական գրականության աշխատանքների համակարգմանը զուգընթաց՝ 2016 թվականին Մարիան համահեղինակել է ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի ՀՀ-ում իրագործման մասին քաղաքացիական հասարակության զեկույցը, որտեղ իր կողմից առաջադրված մի շարք առաջարկություններ արտացոլվել են Կոմիտեի Եզրափակիչ դիտարկումներում՝ փաստացի ձևավորելով գենդերային քաղաքականության հիմադրույթները ՀՀ-ում առաջիկա 5 տարիների համար։ Նա նաև «Օրինականացնելով գենդերային կարծրատիպերը` կարծրատիպերի դերն ու արդարադատության մատչելիությունը գենդերային հիմքով ընտանեկան բռնության դատական գործերի համատեքստում» զեկույցի հեղինակն է։ Նա մշտապես մասնակցում է Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնի դատախաղ մրցույթներին որպես դատավոր։ Մարիան ԵՊՀ տնտեսագիտության և Հայաստանում Ամերիկյան Համալսարանի իրավագիտության մագիստրոս է։
Անուշիկ Ռշտունին (Մկրտչյան) «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Մարդու իրավունքների փառատոն» ծրագրի օգնականն է։ Անուշիկը ստացել է բակալավրիատի աստիճան ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Հանրային կառավարում բաժնում և մագիստրոսի աստիճան Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Մարդու իրավունքների և դեմոկրատացման բաժնում։ Դեռ ուսանողական տարիներից Անուշիկը ակտիվորեն մասնակցել է հասարակական շարժումներին ու միջոցառումներին։ Որպես լրագրող աշխատել է «Ա1+» հեռուստաընկերությունում և Հանրային ռադիոյում։ Մասնակցել է մի շարք միջազգային սեմինարիների ու թրեյնինգների՝ կոնֆլիկտների տրանսֆորմացիայի, խաղաղաշինության և լիբերալիզմի թեմաններով։ Ունի կամավորության և ընտրությունների դիտարկման մեծ փորձ։