Հանրային քննարկում․ «ՀՀ հասարակությունը խիստ պահպանողական է, թե՞ կեղծ բարոյականության ջատագով»

Վերջերս Pew Research Center-ի հրապարակած հետազոտության արդյունքների համաձայն, Հայաստանի բնակչության 76%-ը անբարոյական է համարում նախաամուսնական սեռական հարաբերությունները, 69%-ը՝ աբորտները, 96%-ը մարմնավաճառությունը, 98%-ը՝ միասեռական հարաբերությունները, իսկ 56%-ի կարծիքով անբարոյական է նաև ամուսնալուծությունը: Հետազոտությունն իրականացվել է հետխորհրդային և նախկին «սոցճամբարի» 18 երկրներում, ու Հայաստանը բոլոր ցուցանիշներով առաջին դիրքերն է զբաղեցնում: Համաձայն հետազոտության արդյունքների՝ Հայաստանի հասարակությունն ուլտրապահպանողական է: Որքանո՞վ են արժանահավատ այս ցուցանիշները, արդյոք հայ հասարակությունը խիստ պահպանողական հայացքներ ունի և մտածում է կարծրատիպերով, թե՞ մարդիկ, իրականում այլ կերպ մտածելով, մեկ այլ կարծիք են հայտնում մեծամասնությունից չտարբերվելու և ընդունված նորմերից չշեղվելու համար: Այս հարցման շրջանակներում մարդկանց պատասխանների անկեղծությունը կասկածներ է հարուցում մի քանի պատճառներով: Հարցվածների 69%-ը աբորտն անբարոյականություն է համարում, մինչդեռ Հայաստանը սեռով պայմանավորված աբորտների ցուցանիշներով աշխարհում երկրորդ տեղում է` Չինաստանից հետո, իսկ աբորտների պաշտոնական տվյալը տարեկան ավելի քան 8000 է: Հարցվածների 42 %-ն անբարոյական է համարում հակաբեղմնավորիչների օգտագործումը, սակայն Հայաստանում ոչ միայն «բեյբի-բում» չկա, այլև ծնելիությունն անշեղորեն կրճատվում է: Ի՞նչ են արձանագրում այս հարցման արդյունքները. կարելի՞ է համարել Հայաստանն ուլտրապահպանողական պետություն, թե՞ մարդկանց պատասխանները խոսում են հանրության շրջանում, անգամ միջանձնային հարաբերություններում վստահության ճգնաժամի մասին: Եթե այո, ապա ինչպե՞ս է այդ ճգնաժամը դրսևորվում քաղաքական կյանքում և ի՞նչ ազդեցություն Է ունենում հասարակական-քաղաքական գործընթացների վրա: Այս հարցերի շուրջ կխոսենք «Հոդված 3» ակումբի՝ «ԽԻՍՏ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒ՞Ն, ԿԵՂԾ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ» թեմայով հանրային քննարկմանը: Քննարկման բանախոսներն են. ԱՂԱՍԻ ԹԱԴևՈՍՅԱՆ _ մշակութային մարդաբան, պատմական գիտությունների թեկնածու ԳՈՀԱՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ _ ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն, Կանանց ռեսուրսային կենտրոնի համահիմնադիր ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ _ քաղաքագետ Մամուլի հաղորդագրություն «Մարդիկ անբարոյական են համարում մարմնավաճառությունը, սակայն մարմնավաճառների մոտ հերթեր են». ՀՀ-ում գործում է երկու իրականություն Թեպետ Հայաստանի Սահմանադրությունն ու հիմնարար օրենքները սահմանում են երկրում գործող կարգն ու հասարակական հարաբերությունները կանոնակարգում դրանց շրջանակներում, սակայն փորձագետները պնդում են, որ իրականությունն այլ է, և հաճախ կարծրատիպերն ու դրանցով ձևավորված նորմերն առավել զորեղ են ու ազդեցիկ, քան օրենքները: «Հոդված 3» ակումբում հուլիսի 21-ին տեղի ունեցած «Խիստ պահպանողականությու՞ն, կեղծ բարոյականությո՞ւն, թե՞ վստահության ճգնաժամ» թեմայով հանրային քննարկմանը հայտարարեց մշակութային մարդաբան, պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադեւոսյանը՝ պնդելով, որ քաղաքական համակարգում ու հանրության շրջանում գերիշխում են արյունակցական կամ հարեւանական, թաղային ու համայնքային նեղ հարաբերությունները և այս երկու իրականությունների հակադրությունը առկա է ոչ միայն մակրո մակարդակում, այն է՝ երկրի կառավարմանը վերաբերող հարցերում, այլև միկրո մակարդակում՝ հանրային ու անգամ միջանձնային հարաբերություններում: «Ժամանակին երբ շուկա էինք գնում կշեռքների վրա կարելի էր տեսնել գրություններ, որ վաճառականները երդվում էին, թե իրենց մոտ 1 կգ իսկապես 1000 գրամ է, որ չեն խաբում: Բայց երբ գնումներ էինք կատարում, շատ հաճախ դուրս էր գալիս, որ իրականում 750 գրամ էր, ոչ թե 1000: Այսինքն՝ մարդիկ ապրում են այդ 250-300 գրամ խաբելու միջակայքում: Սա բնորոշ է հանրային հարաբերությունների բազմաթիվ ոլորտներում», – ասաց նա՝ մեկնաբանելով վերջերս հեղինակավոր Pew Research Center-ի հրապարակած հետազոտության արդյունքները, համաձան որոնց Հայաստանի բնակչության 76%-ը անբարոյական է համարում նախաամուսնական սեռական հարաբերությունները, 69%-ը՝ աբորտները, 96%-ը մարմնավաճառությունը, 98%-ը՝ միասեռական հարաբերությունները, իսկ 56%-ի կարծիքով անբարոյական է նաև ամուսնալուծությունը: Հետազոտությունն իրականացվել է հետխորհրդային և նախկին «սոցճամբարի» 18 երկրներում, ու Հայաստանը բոլոր ցուցանիշներով առաջին դիրքերն է զբաղեցնում: Համաձայն հետազոտության արդյունքների՝ Հայաստանի հասարակությունն ուլտրապահպանողական է: Որքանո՞վ են արժանահավատ այս ցուցանիշները, արդյոք հայ հասարակությունը խիստ պահպանողական հայացքներ ունի և մտածում է կարծրատիպերով, թե՞ մարդիկ, իրականում այլ կերպ մտածելով, մեկ այլ կարծիք են հայտնում մեծամասնությունից չտարբերվելու և ընդունված նորմերից չշեղվելու համար: Այս հարցման շրջանակներում մարդկանց պատասխանների անկեղծությունը կասկածներ է հարուցում մի քանի պատճառներով: Հարցվածների 69%-ը աբորտն անբարոյականություն է համարում, մինչդեռ Հայաստանը սեռով պայմանավորված աբորտների ցուցանիշներով աշխարհում երկրորդ տեղում է` Չինաստանից հետո, իսկ աբորտների պաշտոնական տվյալը տարեկան ավելի քան 8000 է: Հարցվածների 42 %-ն անբարոյական է համարում հակաբեղմնավորիչների օգտագործումը, սակայն Հայաստանում ոչ միայն «բեյբի-բում» չկա, այլև ծնելիությունն անշեղորեն կրճատվում է: Չնայած փորձագետները կարծում են, որ բուն հետազոտության արդյունքների մասին դժվար է հստակ կարծիք հայտնել, քանի որ, նախ՝ այն քանակական ուսումանասիրություն է, իսկ երկրորդը՝ ներկայացված չէ դրա իրականացման մեթոդաբանությունը, սակայն ընդհանուր պատկերը բացահայտել է մի շարք խնդիրներ, որոնք առկա են Հայաստանում, մասնավորապես՝ վստահության ճգնաժամը: Աղասի Թադևոսյանը շեշտում է, որ երկակի չափանիշները հայաստանյան իրականության անբաժան մասն են: «Այդ երկակի ստանդարտները գործում են ամենուր: Մարդիկ, ըստ նույն հետազոտության, դատապարտում են մարմնավաճառությունը, սակայն մարմնավաճառների մոտ հերթեր են գոյանում»,- ասաց Աղասի Թադեւոսյանը՝ հավելելով, որ երկու իրականությունում ապրելու արմատների մի մասը ԽՍՀՄ-ից է գալիս: Նրա բնորոշմամբ, Հայաստանում այս առումով առկա է հանրային վստահության ճգնաժամ, որը խանգարում է նաև զարգանալ հասակությանն ու պետությանը: «Գուցե, եթե մենք մեզ չխաբենք, Սահմանադրության մեջ գրենք այն ինչ կա, այն է՝ Հայաստանը կիսավտորիտար պետություն է, իսկ իշխանությունն այդ ոգով գործի, վերցնի իր վրա ամբողջական պատասխանատվություն իր հպատակների նկատմամբ, ապա ՀՀ-ում կառավարման համակարգն ավելի արդյունավետ կարող է աշխատել: Ես, իհարկե, աբսուրդ բան եմ ասում, բայց այժմ ստեղծված է մի իրավիճակ, որ դե-յուրե ունենք դեմոկրատական համակարգ, սակայն իրականում համընդհանուր անպատասխանատվություն է տիրում», – ասաց նա: ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն, Կանանց ռեսուրսային կենտրոնի համահիմնադիր Գոհար Շահնազարյանն էլ նշեց, որ Pew Research Center-ը Հայաստանում հետազոտությունը պատվիրել է Վրաստանում գործող հետազոտական կենտրոնի: Նա փորձել է այդ կազմակերպությունից տեղեկություն ստանալ Հայաստանում հետազոտություն կատարած փորձագետների կամ կազմակերպության մասին, սակայն իրեն տեղեկացրել են, որ որ իրավունք չունեն հայտնելու այդ մասին։ Մյուս կողմից, նա կարծում է, որ այնուամենայնիվ առերևույթ Հայաստանի հասարակությունը պահպանողական է: «Դժվար է ասել՝ որքան, քանի որ չի կատարվել որակական հետազոտություն: Իսկ քանակական հետազոտությունը, ըստ Շահնազարյանի, միայն խոսում է ընդհանուր միտումների, այլ ոչ թե խորքային գործընթացների մասին: Նրա խոսքով, Հայաստանի հասարակության մեջ առկա են գոյատեւման եւ ինքնադսեւորման արժեքները։ Իսկ գոյատեւման արժեքներից են վախն ապագայի նկատմամբ, անապահովության զգացումը, անհանդուրժողականությունը սեռականության նկատմամբ։ Մեր հասարակության մեջ կոլեկտիվիզմը դառնում է կապող օղակ։ Սրանք հանգեցնում են հենց պահպանողականության դրսևորումների», – ասաց փորձագետը՝ նշելով, որ պետք չէ անտեսել նաև մեծամասնությունից չառանձնանալու ցանկության գործոնը: Քննարկմանը մասնակից քաղաքագետ Արմեն Գրիգորյանն էլ կարծում է, հանրության շրջանում պահպանողական տրամադրություններն իրենց ազդեցությունն են թողնում նաև քաղաքականության վրա: Ըստ քաղաքագետի՝ ՀՀ-ում իշխանությունը ուժեղ է արցախյան հիմնահարցի պատճառով և «1991 թվականից ի վեր ՀՀ-ում, ըստ էության, համակարգային իշխանափոխություն տեղի չի ունեցել, ի տարբերություն նույն Վրաստանի, որտեղ 2003թ․ իշխանությունը փոխվեց, իսկ 1996 եւ 2008թվականներին էլ բանակի ինտերվենցիան եւ ժողովրդի ընդվզումը ճնշելն իրենց հետքն են թողել մեր երկրի կյանքում»: Փորձագետի կարծիքով հանրային-քաղաքական տրամադրությունները պրոյեկտվում են նաև տնտեսության վրա: Նա հիշեցրեց մի քանի տարի առաջ հրապարակված Համաշխարհային բանկի տվյալները, համաձայն որոնց, Հայաստանի տնտեսությունը հետխորհրդային տարածքում հանդիսանում է ամենամոնոպոլիզացվածը: Նրա խոսքով, կա ուղղակի կապ մոնոպոլիզացված տնտեսության, քաղաքականության եւ պահպանողական մտածողության միջեւ, քանի որ պահպանողականությունը թույլ չի տալիս մրցակցություն։ «Մոնոպոլիզացված տնտեսությունը, դրա դերակատարները նախկինը պահպանելու հատկություն ունեն: Նաև այստեղից է գալիս, որ քաղաքական ու տնտեսական իշխանությունում մոնոպոլիա ունենալով, իրենք հիմնականում կոնսերվատիվ են դառնում, եւ լիբերալ, նորարար հայացքներ չեն առաջանում: Օրինակ՝ արեւմուտքում նաեւ տնտեսությունն է հանդիսացել գլխավոր պատճառներից մեկը, երբ որ մրցակցություն է եղել ու նոր գաղափարներ են առաջացել` պահպանողականությանը մարտահրավեր է նետվել», – պարզաբանեց նա:

«Տրաֆիքինգ․․․ միգրացիա․․․ կանայք»․ քննարկում

«Հոդված 3» ակումբը հրավիրում է «Տրաֆիքինգ․․․միգրացիա․․․ կանայք» քննարկմանը։ Մարդկանց թրաֆիքինգի առումով Հայաստանը համարվում է հիմնականում ծագման երկիր: Տեղական մակարդակով ուշադրությունը կենտրոնացվել է հիմնականում սեռական շահագործման նպատակով կանանց դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ (ՄԱԷ) և Թուրքիա թրաֆիքինգի ենթարկելու խնդրին: ՀԿ-ների տվյալներով, զգալի թվով տղամարդիկ աշխատանքային շահագործման նպատակով փոխադրվում են Ռուսաստան: Հայտնի են անչափահասների թրաֆիքինգի մի քանի դեպքեր: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը մտահոգություն է հայտնել, որ ծայրահեղ խոցելի լինելու պատճառով թրաֆիքինգի զոհ կարող են դառնալ փողոցներում միայնակ ապրող սակավաթիվ թափառաշրջիկ երեխաները և թափառող ընտանիքների երեխաները։ Իսկ միգրացիայի պառագային, չնայած միգրանտ կանանց թիվը մեծ չէ Հայաստանում, սակայն այն ունի խիստ ազդեցություն Հայաստանաբնակ կանանց կյանքի ու առողջության վրա․ օրինակ՝ միգրացիան հանդիսանում է հետերոսեքսուալ կանանց շրջանում ՄԻԱՎ֊ի տարածման հիմնական ուղին։ Այս հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի ներքոնշյալ հիմնահարցերին Ի՞նչ է տրաֆիքինգը, ի՞նչ մեխանիզմներով է այն գործում, ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում, ի՞նչ որակի օգնություն ու փաթեթներ են առաջարկվում տուժող անձանց։ Ինչպիսի՞ն է պետական քաղաքականությունը այս ոլորտում։ Ի՞նչ առանձնահատկություններ են մասնագետները դիտարկում տրաֆիքինգի ենթարկված կանանց շրջանում։ Որո՞նք են միգրացիայի գենդերային խնդիրները Հայաստանում։ Ի՞նչ առանձնահատկություններ կան կին միգրանտների և տղամարդ միգրանտների խնդիրներում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում պետության կողմից միգրանտ կանանց հիմնախնդիրների առանձնահատկություններին անդրադառնալու համար։ Ինչպե՞ս է միգրացիան ազդում ու փոխում Հայաստանաբնակ կանանց կյանքը։ Քննարկումն իրականացվում է «Խթանելով գենդերային հավասարությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում «Բաց հասարակություններ հիմնադրամ»ի աջակցությամբ։ Մարզաբնակ երիտասարդների ճանապարհածախսը հանրային տրանսպորտից օգտվելու դեպքում փոխհատուցվում է։ Մասնակցելու համար գրանցվել https://docs.google.com/forms/d/10Atk-pqNnnwMRp2lvGr7YfeyUbLme8F2b61C95dM8J8/viewform?edit_requested=true Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 11, ժամը՝ 20։00։

ՍԵՄԻՆԱՐ․ Հակամարտությունների վերափոխման կարողությունների ձևավորում

Սեմինարի նպատակն է՝ ժամանակակից մասնատված հասարակությանը ուսուցանել հակամարտության վերափոխման ճանապարհներ: Եռօրյա հիմանական աշխատանքների ընթացքում կվերլուծվեն Ջոն Վիլյամ Բարտոնի, Յոհան Գալթունգի, Ջոն Փոլ Լեդերաքի, Միշել Լեբարոնի և հակամարտության կարգավորման ոլորտի այլ հեղինակների կատարած տեսական և գործնական աշխատանքները: Բացի այս, կկազմակերպվի սեմինար՝ հակամարտությունների կարգավորման նորարարական մեթոդի վերաբերյալ արտահայտիչ-գեղարվեստական փոխակերպման միջոցով (C.R.E.A.T.E): Այն ընդգրկում է ինտեգրմանն ուղղված տարբեր բեմադրությունների ռազմավարության մշակում: Սեմինարների ընթացքում կօգտագործվեն Ժամանակակից թատրոնում մշակված տեխնոլոգիաներ, ինչպիսիք են`Ibsen, Shaw, Brecht, Jonesco, Boal և post-Boal. Սա նպատակ ունի ներկայացնելու վերափոխման թատրոնի նոր տեխնոլոգիան, այն օգտագործվում է խորն արմատներ ունեցող հակամարտությունների վերափոխման նպատակով: Հուլիսի 11- «Հաղթահարել և Փոխակերպել». Վերլուծել Ջոն Գալթունգի մեթոդը և հակամարտությունների լուծումը եռանկյունաձև եղանակով՝ ստեղծագործականություն, կարեկցանք, առանց բռնության: Հուլիսի 12 – C.R.E.A.T.E –ինտեգրմանն ուղղված նոր ներկայացման ոճ՝ իբրև հակամարտության վերափոխման գործիք: Ինչպե՞ս է վերափոխման թատրոնը գործում 21-րդ դարում: Ո՞րն է վերափոխման թատրոնի հիմնական իմաստը և ինչպես ենք փոխարինում աղետը կատարսիսով… “C.R.E.A.T.E” – Նոր մեթոդ, որը 21-րդ դարասկզբին զարգացել է Կոռնելի և Մեյսոն համալսարաններում: Սեմինարները կանցկացվեն Վրաստանը եւ Հայաստանը ներկայացնող փորձագետների, հյուր-բանախոսների և տարբեր շահագրգիռ անձանց կողմից: Միջոցառումը կազմում է “C.R.E.A.T.E” ծրագրի մաս, որն իրականացնում է «IMTD-Georgia» կազմակերպությունը՝ շվեյցարական «HEKS-EPER» ֆինանսավորմամբ: ՍԵՄԻՆԱՐԻ աշխատանքային լեզուն անգլերենն է։

Երիտասարդական դեբատ խղճի, մտքի և դավանանքի ազատության թեմայով

Հետաքրքրվա՞ծ ես կրոնական ազատությունների թեմայով, ունե՞ս քո տեսակետը կրոնական փոքրամասնությունների գործունեության մասին, ապա սիրով հրավիրում ենք քեզ՝ մասնակցելու «Հոդված 3» ակումբի կազմակերպած երիտասարդական բանավեճին, փաստարկված խոսելու ու հասկանալու կրոնական փոքրամասնությունների ազատությունների և պետական անվտանգության սահմանները: Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի բնակչության շուրջ յոթ տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չէ: ՀՀ-ում գրանցված է շուրջ յոթանասուն կրոնական կազմակերպություն: Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանի մարդու իրավունքների բնագավառում առկա խնդիրներից մեկն է: Բանավեճն ընթանալու է մարդու իրավունքների, ազատությունների և պետական անվտանգության առանցքների շուրջ: Կփորձենք պարզել, թե սպառնո՞ւմ են կրոնական փոքրամասնությունները պետական անվտանգությանը, արդյո՞ք պետք է Հայաստանում բոլոր կրոններն ու նրան ներկայացուցիչները իրավահավասար լինեն: Կխոսենք նաև Հայաստանյաց Առաքելական եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակի մասին: Որոշ հարցադրումեր 1. Կո՞ղմ եք Առաքելական եկեղեցուն առանձնահատուկ կարգավիճակ շնորհելուն: Ինչո՞ւ: 2. Արդյոք կրոնական փոքրամասնությունների բոլոր տեսակետներն են օրենքի ու իրավունքի տեսակյունից ընդունելի: 3. Ի՞նչ կարծիք ունեք. «Ով Առաքելական չէ, հայ չէ» տարածված տեսակետի մասին: 4. Կո՞ղմ եք այլընտրանքային զինվորական ծառայությանը: Պե՞տք է մարդկանց հնարավորություն տալ՝ հավատքի հիմքով պարտադիր զինծառայությունը փոխել այլընտրանքայինով: 5. Կո՞ղմ եք, որպեսզի Հայ առաքելական եկեղեցին գործի հարկային դաշտում: Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 52 01 08 հեռախոսահամարով։ Սիրով, «Հոդված 3» ակումբի համակարգող թիմ

Հանրային քննարկում «Հուլիսյան ճգնաժամից մեկ տարի անց»

«Հուլիսյան ճգնաժամից մեկ տարի անց. ապստամբության իրավունքի և բռնության սահմանները» 2016 թ-ի հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններից մեկ տարի է անցել, սակայն հանրային ու քաղաքական քննարկումներում դեռ անզիջում բանավեճ է. հանցագործություն էր, թե՞ ապստամբության իրավունքի կիրառում, ովքե՞ր են զինված խմբի անդամները՝ հերոսներ, հանցագործներ, թե՞ ապստամբներ։ Ինչո՞ւ նրանց գործողությունները հանրության շրջանում դրական արձագանք ստացան, և արդյունքում հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց: Հասարակությունն ունի՞ արդյոք ապստամբության իրավունք, եթե այո, ապա երբ և ինչ պայմաններում այն կարող է կյանքի կոչել: Արդյոք պետք է «Սասնա ծռեր» խմբի գործողություններում միայն հանցակազմ տեսնել ու հուլիսյան իրադարձությունները գնահատել զուտ Քրեական օրենսգրքո՞վ, թե՞ անհրաժեշտ է հասկանալ այդ ճգնաժամը ծնող պատճառներն ու վերացնել դրանք: Քաղվե՞լ են դասեր այդ ճգնաժամից, արդյոք Հայաստանում մեկ տարվա ընթացքում կատարվե՞լ են քայլեր, որոնք ապագայում կապահովագրեն պետությունն ու հասարակությունը նոր ցնցումներից: Կարևորելով անցյալ տարվա հուլիսյան իրադարձությունների և դրանք ծնող պատճառների մասին փաստարկված և ազատ խոսելու անհրաժեշտությունը՝ «Հոդված 3» ակումբը կազմակերպում է հանրային քննարկում «Հուլիսյան ճգնաժամից մեկ տարի անց. ապստամբության իրավունքի և բռնության սահմանները» թեմայով: Քննարկման բանախոսներն են․ ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆ, «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի ԱԺ խմբակցության անդամ, պատգամավոր ԱՐԱ ՊԱՊՅԱՆ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար ԱՐՏԱՇԵՍ ԽԱԼԱԹՅԱՆ, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ Հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 52 01 08 հեռախոսահամարով։ Սիրով, «Հոդված 3» ակումբի համակարգող թիմ

«ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՈՒՄ. ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒ՞Մ, ԹԵ՞ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ»

Թեպետ Հայաստանի երեք մարզերում՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում համայքների խոշորացման փորձնական ծրագրի արդյունքները դեռ մնում են վիճահարույց, կառավարությունն անցել է այս գործընթացի երկրորդ ու ավելի մեծ շրջափուլին: Ազգային ժողովն արդեն հաստատել է կառավարության նախաձեռնած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը, համաձայն որի միայն այս տարի 8 մարզերում կձևավորվի 20-ից ավելի խոշորացված համայնք, որոնց մեջ կմտնեն 250-ից ավելի փոքր համայնքներ: Սա փոխում է Հայաստանի ողջ վարչատարածքային պատկերը, որի հետեւանքներն ու արդյունքները մնում են վիճելի: Այս կարծիքին են ոլորտի փորձագետներն ու շատ համայնքների ղեկավարները: Խոշորացման ծրագրում են հայտնվել նաեւ շատ սահմանամերձ համայնքներ, որտեղ հաշվի առնելով Ադրբեջանի հետ առկա ռազմա-քաղաքական բարդ իրավիճակը և սոցիալ-տնտեսական սուր խնդիրները խիստ փոխկապակցված են անվտանգության հարցերի հետ: Չնայած կառավարության պնդումներին, որ խոշորացման ծրագրի արդյունքում բարձրանում է համայնքների կառավարման արդյունավետությունը, տնտեսվում են ռեսուրսներ և մեծանում ներդրումների հնարավորությունները, գյուղացիներն ու համայնքապետերը ներկայացնում են խնդիրներով լեցուն այլ պատկեր: Նրանց պնդմամբ փորձնական ծրագրով երեք մարզերի համայնքների խորոշացումից հետո խնդիրները միայն ավելացել են, իսկ դրանց լուծման գործընթացը՝ մի քանի անգամ դանդաղել: Նշվում է, որ եթե նախկինում գյուղապետն արագ արձագանքում էր իր համայնքում առկա խնդիրներին, ապա այժմ միայն համայնքապետի լիազորն է բարձրացնում հարցը ու սպասում խնդրի լուծմանը: Այսինքն՝ խնդիրների լուծման գործընթացը դանդաղել է: Կարևորելով համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ մարդկանց տեղեկացված լինելու և առկա խնդիրների մասին ազատ ու անկաշխանդ խոսելու անհրաժեշտությունը՝ «Հոդված 3» ակումբը կազմակերպում է հանրային քննարկում «Համայնքների խոշորացում. արդյունավետ կառավարո՞ւմ, թե՞ լիազորությունների ու ֆինանսների կենտրոնացում» թեմայով: Բանախոսներն են. ԱՇՈՏ ԳԻԼՈՅԱՆ, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ ՎԱՀԱՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ ՄՈՒՐԱԴ ՍԻՄՈՆՅԱՆ, ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքի ղեկավար ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մաքենիս համայնքի ղեկավար ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ-ում համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է, սակայն այն չպետք է ընթանա գաղտնի: Գործընթացը պետք է լինի մաքսիմալ թափանցիկ, որի վերջնապատակն է համայնքների կառավարման արդյունավետության բարձրացումը՝ համայնքային իշխանությունների լիազորությունների ու ֆինանսական միջոցների ապակենտրոնացմամբ: Այս մասին «Հոդված 3» ակումբում հունիսի 14-ին կայացած «Համայնքների խոշորացում. ադմինիստրատիվ միավորո՞ւմ, թե՞ լիազորությունների ու ֆինանսների ապակենտրոնացում» թեմայով հանրային քննարկման ժամանակ հայտարարեց «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը: Թեպետ Հայաստանի երեք մարզում՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում համայնքների խոշորացման փորձնական ծրագրի արդյունքները դեռ մնում են վիճահարույց, կառավարությունն անցել է այս գործընթացի երկրորդ ու ավելի մեծ շրջափուլին: Ազգային ժողովն արդեն հաստատել է կառավարության նախաձեռնած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը, համաձայն որի միայն այս տարի 8 մարզերում կձևավորվի 35 ավելի խոշորացված համայնք, որոնց մեջ կմտնեն 325 փոքր համայնքներ: Սա փոխում է Հայաստանի ողջ վարչատարածքային պատկերը, որի հետեւանքներն ու արդյունքները մնում են վիճելի: Այս կարծիքին են գոնե ոլորտի փորձագետներն ու շատ համայնքների ղեկավարներ: Թեպետ քննարկման բանախոս ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյան նշեց, որ նախարարություն իրականացրել է երկու տարի առաջ խոշորացված համայնքների կառավարման մոնիտորինգ և այն հրապարակել իր կայքում, սակայն ընդունեց, որ արդյունավետության վերաբերյալ խորքային հետազոտություն չի կատարվել: «Մյուս կողմից կարծում եմ դեռ վաղ է նման հետազոտության համար: Սակայն այդ հետազոտությունն էլ շուտով կանցկացվի», – ասաց Գիլոյանը: Նա նաեւ անդրադարձավ Վահան Մովսեսյանի այն պնդմանը, որ համայքների խոշորացման գործընթացը տեղի է ունեցել գաղտնի: Նշեք, որ Մովսեսյանն ի նկատի ուներ փնջերի ձևավորման գործընթացը, որը չի քննարկվել ոլորտի մասնագետների, քաղաքացիական հասարակության և մասնագիտական հանրության հետ: Աշոտ Գիլոյանը եւս ընդունեց, որ նման քննարկումներ համայքների փնջերը ձևավորելիս չի իրականացվել: Պարզվեց պատճառը քաղաքական է եղել: «Ուղղակի առջևում ընտրություններ (ի նկատի ունի խորհրդարանական ընտրությունները – խմբ.) էին և որոշում կայացվեց այդ հարցը քաղաքական շահարկումների առարկա չդարձնել», – ասաց նա: Հատկանշական է, որ խոշորացման ծրագրում են հայտնվել նաեւ ազգային փոքրամասնություններով և Ադրբեջանից հայ փախաստականներով բնակեցված համայնքներ, որտեղ խնդիրներն առավել զգայուն են: Ըստ Աշոտ Գիլոյանի տրվել են հետեւյալ լուծումները: «Օրինակ Արագածոտնում եզդիներով բնակեցված համայքները միավորվել են մեկ փնջի մեջ: Իսկ Գեղարքունիքում Ադրբեջանից հայ փախաստականները, որոնք չէին ցանականում միավորվել այլ բնակավայերի հետ, միավորվեցին մեկ փնջում», – նշեց բանախոսը: Քննարկման ժամանակ նաեւ նշվեց, որ համայնքների խոշորացումից հետո ավագանիներում կանանց թիվը քչացել է: ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանն ընդունեց այս իրողությունը՝ ասելով, որ օրենսդրորեն խնդիրն այս պահին չի կարող կարգավորվել: «Ընտրական օրենսգրքում նախաձեռնությունների ինստիտուտ է ստեղծվելու, ինչը ենթադրում է, որ համամասնական ընտրություն ու քաղաքացիների կողմից նախաձեռնություն կլինի: Իսկ սա հնարավորություն կստեղծի, որ ավագանիում լինեն նաև կանայք»,- ասաց Գիլոյանը: Միևնույն ժամանակ, չնայած կառավարության պնդումներին, որ խոշորացման ծրագրի արդյունքում բարձրանում է համայնքների կառավարաման արդյունավետությունը, տնտեսվում են ռեսուրսներ և ներգրավում ներդրումներ, գյուղացիներն ու նախկին համայնքապետերը ներկայացնում են խնդիրներով լեցուն այլ պատկեր: Նրանց պնդմամբ փորձնական ծրագրով երեք մարզերի համայնքների խորոշացումից հետո խնդիրները միայն ավելացել են, իսկ դրանց լուծման գործընթացը՝ մի քանի անգամ դանդաղել: Վերոնշյալ պնդումների հետ չհամաձայնեցին քննարկման բանախոսներ Աշոտ Գիլոյանն ու Սյունիքի մարզի Տեղ (խոշորացված) համայնքի ղեկավար Ներսես Շադունցը: Նախ Գիլոյանը նշեց, որ համայնքների խնդիրներին ավելի մեծ ուշադրություն է դարձվում, քանի որ խոշոր համայնքի ձայնն ավելի լսելի է: «Արդեն իսկ կան ակնառու փաստեր, որ հեռու համայնքների ճանապարհներն էլ ուշադրության կենտրոնում են», – ասաց նա: Ներսես Շադունցը խոսեց իր համայնքի օրինակի հիման վրա: Նրա խոսքով, խոշորացման արդյունքում Տեղ համայնքի բյուջեն կազմել է 150 մլն դրամ: «Միայն խոշորացումից հետո է 7 բնակավայարերից 5-ում է լուծվել կանոնավոր աղբահանության խնդիրը, 3 մանկապարտեզում վերանորոգման աշխատանքներ են ընթանում՝ 20 հազար ԱՄՆ դոլարի ներդրմամբ», – ասաց նա՝ հավելելով, որ նաեւ որոշակի հաստիքային կրճատումներ է կատարել: Կրճատել է մեկ գրադարանավարի հաստիք, քանի որ այդ գրադարանը, ըստ համայնքապետի, գործունեության օրվանից չի էլ բացվել: Նույն պատճառով կրճատել է նաև մշակույթի տան ակումբավարի հաստիքը: Դրա հետ մեկտեղ, ըստ նրա, եղել են ներդրումներ: Խնածախ գյուղում 21 մլն դրամի ներդրում է կատարվել խմելու ջրի ջրագիծ անցկացնելու համար, քանի որ այդ գյուղը 200 տարուց ավել խմելու ջուր չի ունեցել: «Իսկ այսօր, երբ պոմպակայանը փչանում է և իրենք չեն հասցնում վերանորոգել, արդյունքում երկու օր գյուղացիները ջուր չեն ունենում, բողոքում են մարդու իրավունքների հանրային պաշտպանի գրասենյակ, թե երկու օր է ջուր չունենք: Տեղ համայնքի ղեկավարը զարմանում է՝ իսկ ինչո՞ւ 200 տարի չէին բողոքում», – ասաց նա: Վահան Մովսեսյանն այս հարցի վերաբերյալ հավելեց, որ խոշորացման արդյունքում ռեսուրսների որոշակի խնայողություն իրականացվում է, քանի որ հաստիքներ են կրճատվում: Սակայն նա շտապեց հավելել, որ խնայողություն դեռ չի նշանակումայդ գումարների վերադարձ պետական բյուջե: «Ընդհանրապես, տեղական բյուջեները 2 ծախս ունեն՝ ընթացիկ և կապիտալ: Ընթացիկն ապրելունն է, ընթացիկ ծառայությունների համար, իսկ մյուսը՝ կապիտալ արժեքներ ստեղծելու՝ նոր ճանապարհ, մանկապարտեզ և այլն: Խնայումը հետևյալ ֆոնին է՝ ընթացիկ ծախսերը սկսում են տնտեսվել ու ներդրում է լինում կապիտալ ծախսի վրա: Սակայն խոշորացման ծրագրի ընդդիմախոսներն այլ բան են ասում, թե՝ տեսեք, փող չկա ու տնտեսում ենք, որ քիչ փողով ապրեն»,- ասաց Մովսիսյանը: Քննարկման ավարտին բանախոսները միակարծիք էին այն հարցում, որ վարչատարածքային փոփոխությունները պետք է ուղեկցվեն լիազորությունների ու ֆինանսական միջոցների ապակենտրոնացմամբ, և երաշխավորեն համայնքների լսված լինելու իրավունքը: Նշենք, որ քննարկմանը «Հոդված 3» ակումբի թիմը հրավիրել էր նաեւ խոշորացման ծրագրում ընդգրկված Արագածոտնի, Գեղարքունիքի ու Կոտայքի մի շարք համայքների ղեկավարների, սակայն չնայած նախնական պայմանավորվածությանը, նրանք չմասնակցեցին միջոցառմանը: