Նախընտրական հանրային հանդիպում «Երկիր ծիրանի» կուսակցություն
Հարգելի գործընկերներ, Մայիսի 11-ին ժամը 14:00-ին «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) տեղի կունենա հանրային հանդիպում «Երկիր ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու թեկնածուների հետ: Բանախոսներն են. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ, Երևանի ավագանու թեկնածու ՄՆԱՑԱԿԱՆ ՊԱՐԱԿՇԻԵՎ «Երկիր ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու ԱԼԻՍԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ «Երկիր ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Քննարկումը բաց է բոլոր քաղաքացիների համար: Հարցերի ու լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել + 374 10 52 01 08 հեռախոսահամարով։ Սիրով՝ «Հոդված 3» ակումբի համակարգող թիմ
Նախընտրական հանրային հանդիպում․ «Ելք» դաշինք
Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Հոդված 3» ակումբում տեղի կունենա հանրային հանդիպում «Ելք» դաշինքի ավագանու թեկնածուների հետ: Նախընտրական քննարկումների ընթացքում թեկնածուները պատասխանելու են քննարկման վարողի, մասնակից փորձագետների, ՀԿ-ների ներկայացուցիչների, լրագրողների եւ միջոցառմանը ներկա քաղաքացիների հարցերին՝ անդրադառնալով քաղաքական ուժի նախընտրական ծրագրի դրույթներին եւ մայրաքաղաքի խնդիրների վերաբերյալ վերջինիս առաջարկած լուծումներին: Համեցե՛ք, քննարկմանը և ուղիղ հարցերով փորձեք պարզել, թե ինչո՞ւ պետք է Երևանի բնակիչը վստահի «ԵԼՔ»-ին, ի՞նչ ծրագրերով է այն ներկայացել ընտրություններին, ի՞նչպես է պատկերացնում Երևանի հանրային տրանսպորտի, աղբահանության, բնակֆոնդի մաշվածության եւ բնապահպանական խնդիրների լուծումները: Արդյոք այս քաղաքական ուժն ո՞ւնի իր ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ներուժ: Հանրային հանդիպում- քննարկումը տեղի կունենա «Հոդված 3» ակումբում մայիսի 10-ին ժամը 14:00-ին: Բանախոսներն են. Նիկոլ Փաշինյան, «ԵԼՔ» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյան, «ԵԼՔ» դաշինքի Երևանի ավագանու թեկնածու, «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության վարչության անդամ Դավիթ Խաժակյան, «ԵԼՔ» դաշինքից Երևանի ավագանու թեկնածու Քննարկումը բաց է բոլոր քաղաքացիների համար, Մուտքն ազատ է: Հարցերի դեպքում կարող եք կապվել մեզ հետ 010 52 01 08 հեռախոսահամարով։
Բանավեճ Արցախյան հակամարտության թեմայով
«ԼՂ հակամարտություն. փոխզիջումներով խաղաղություն հիմա՞, թե՞ միլիտարիզացիայի խորացում» Հետաքրքրվա՞ծ ես Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով, ունե՞ս սեփական տեսակետ խնդրի լուծման վերաբերյալ, ցանկանո՞ւմ ես արտահայտել քո կարծիքն այս մասին, ապա կարող ես մասնակացել «Հոդված 3» ակումբի կազմակերպած քաղաքական բանավեճին, քննարկել ու հասկանալ այս բարդ հակամարտության ամենազգայուն կողմերը եւ դրա տրանսֆորմացիայի հնարավորությունները: Բանավեճի թեմաներն են. Սպառազինությունների մրցավազք, շարունակական միլիտարիզացիա, ռեսուրսների ներդրում բանակում տնտեսության այլ ճյուղերի հաշվին. մերժել դրանք եւ լծվել խնդրի խաղաղ լուծմանը՞, թե՞ մշակել հակամարտության լուծման այլ տարբերակ, Որքանո՞վ են իրատեսական հակամարտության կարգավորման փուլային և փաթեթային լուծման տարբերակները․ կա արդյո՞ք դրանց այլընտրանքը, Բանակցություններ. հակամարտությունը պետք է լուծել միջնորդների ջանքերով, թե՞ առանց նրանց․ միջնորդներն ունեն դրական, թե՞ բացասական դերակատարում հակամարտության լուծման գործընթացում, ԼՂ հարցում Ռուսաստանը Հայաստանի դաշնակի՞ցն է, թե՞ երկու հակամարտող կողմերին զենք վաճառող երկիր, Երեք երկրների երիտասարդությունը դրական, թե՞ բացասական դերակատարություն կարող են ունենալ հակամարտության կարգավորման հարցում։ Բանավեճի վերջում սպասվում է հետաքրքիր և նորարար խաղ՝ քաղաքական, իրավական հարցերով ու քաղաքական գործիչների հայտնի խոսքերով «ԱՅԼԿԵՐՊ»: Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 52 01 08 հեռախոսահամարով։ Սիրով, «Հոդված 3» ակումբի համակարգող թիմ
Հայոց թագուհիներ ՖԻԼՄ
«Կինն ու կյանքը նույն արմատի բառեր են. կին` նշանակում է կյանք, կինն աստվածուհի է, իսկ աստվածը` կին»,- հնչում է Տիգրան Խզմալյանի «Հայոց թագուհիներ» ֆիլմում։ 2014 թ֊ին նկարահանված` Երևանում ու ԱՄՆ֊ում սակավաթիվ ցուցադրություններ ունեցած այս ֆիլմի հեղինակն ու ռեժիսորը՝ Տ․ Խզմալյանը, այն համարում է իր պարտքը կանանց՝ դարավոր զրկանքների ու խտրականության դիմաց․ ըստ նրա՝ մենք ուրացել ենք հայ կնոջն ու նրա կերպարը։ «Հայոց թագուհիներ» ֆիլմը, նվիրված լինելով պատմության մեջ կնոջ ունեցած դերին, միաժամանակ յուրօրինակ պատմություն է կնոջ մասին. հայ կնոջ, ով ըստ հեղինակի, ծնվում է դիցուհի և լքում կյանքն իբրև ստրկուհի: Նա կարծում է, որ հայ կինը շատ հաճախ չի գնահատվում հենց հայերի կողմից։ Ֆիլմում նաև խոսվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատման, կանանց նկատմամբ բռնությունների և նրա դերի մասին ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան քաղաքական ու հասարակական ոլորտներում։ Ֆիլմի ավարտին այն կքննարկենք ռեժիսորի ու կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ֆիլմի տևողությունն է 96 րոպե։ Մուտքն ազատ է։
«Հայաստանի զարգացման քաղցկեղը. Կրթության չիրացվող Իրավունք»
Հարգելի գործընկերներ, Ապրիլի 28-ին ժամը 18:30-ին «Հոդված 3» ակումբը «Հետք» ինտերնետային թերթի հետ համատեղ կազմակերպում է ցուցահանդես «Հայաստանի զարգացման քաղցկեղը.ԿՐԹՈՒԹՅԱՆ չիրացվող ԻՐԱՎՈՒՆՔ» խորագրով: Լուսանկարչական ցուցահանդեսը ներկայացնում է մարզային դպրոցների վիճակը, որը տարիներ շարունակ դիտարկել, արձանագրել ու փաստագրել է լուսանկարիչ ՆԱՐԵԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ: Հայաստանի մարզերում ուսանում են ավելի քան 246 հազար աշակերտ, նրանց մեծ մասը ոչ միայն զրկված է հանրակրթական դպրոցներում որակյալ կրթություն ստանալու իրավունքից, այլև չունի այլընտրանքային կրթության հնարավորություններ: Գյուղական համայնքներում մասնագետների պակասն օրհասական խնդիր է, իսկ դպրոցների, հաճախ, անմարդկային պայմաններն անհնար են դարձնում բնականոն ուսումնական գործընթացը։ Կրթության իրավունքի անհամաչափ իրացման խնդիրը դարձել է ազգային անվտանգության հարց։ Միջազգային «ԹԻՄՍՍ» ստուգատեսի արդյունքներով արձանագրվել է գյուղական և քաղաքային համայնքների աշակերտների գիտելիքների բավական մեծ տարբերություն: 2012-ի տվյալներով գյուղական և քաղաքային համայնքների աշակերտների արձանագրած արդյունքներում մինչև 30 միավորի տարբերություն էր արձանագրվել։ Ավելին, ստուգատեսի վերջին արդյունքները չափազանց մտահոգիչ էին, քանի որ Հայաստանի 4-րդ դասարանցիների միայն 2 տոկոսն է մաթեմատիկա առարկայից բարձր ցուցանիշներ ունեցել, մինչդեռ 28 տոկոսը չի կարողացել հաղթահարել առարկայի գիտելիքների նվազագույն շեմը․ սա աղետ է, որն այսօր չկանխելու դեպքում կվտանգվի Հայաստանի ապագան։ Չնայած մեր երկրում կրթությունը հռչակված է որպես ռազմավարական ուղղություն, սակայն 2007-2013 թթ. պետբյուջեից կրթության ոլորտին հատկացվող գումարները նվազել են 14,98 տոկոսից հասնելով 9 տոկոսի։ Պետության կողմից կրթությանը տրվող գումարը տարածաշրջանում ամենաքիչն է՝ ՀՆԱ-ի 2.5 տոկոսը միայն․ չնայած Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրով նախատեսվում էր կրթությանը տրամադրվող գումարը հասցնել ՀՆԱ-ի 4 տոկոսի, բայց դա, ինչպես նաև համաչափ զարգացման խոստումները՝ մնացին թղթի վրա։ Ցուցահանդեսը նվիրված է վերը նշված խնդիրների վերհանմանն ու փաստագրմանը, ինչպես նաև այդ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված կամ, գրեթե, չիրականացված աշխատանքների գնահատմանը։ Հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 52 01 08 հեռախոսահամարով։ Սիրով, «Հոդված 3» ակումբի համակարգող թիմ
Հայոց Մեծ Եղեռնն ու կանայք
ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆՆ ՈՒ ԿԱՆԱՅՔ. կրկնակի զոհեր, պաշտպանության հերոսներ և ողբերգության հանրայնացնողներ Ապրիլի 21֊ին ժամը 13։00֊ ին «Հոդված 3» ակումբը հրավիրում է 《Հայոց Մեծ Եղեռն ու կանայք. կրկնակի զոհեր, պաշտպանության հերոսներ և ողբերգության հանրայնացնողներ》քննարկմանը։ Ցեղասպանությունը համարվում է մարդկության հանդեպ գործած ամենադաժան հանցագործությունը, որի հետևանքներն անդառնալի են, սակայն դրանց մշտական վերլուծության ու քննարկման անհրաժեշտությունը կանխարգելման կարևոր մեխանիզմ է: Վերջին տարիներին բազմաթիվ գիտական համաժողովներ, քննարկումներ են անցկացվել, որոնք սակայն հաճախ շրջանցել են կամ առանձնահատուկ ուշադրությամբ չեն դիտարկել կանանց խնդիրները՝ որպես Ցեղասպանության կրկնակի զոհերի: Քննարկման հիմնական թեմաներն են` 1. ինչպի՞սի իրավիճակում էր հայ կինը մինչև Մեծ Եղեռնը, այդ արհավիրքի ընթացքում և դրանից հետո, 2. ինչպե՞ս են արտահայտվել Ցեղասպանության հանցագործությունները կանանց նկատմամբ (բռնաբարություններ, վաճառք, սպանություն, մահմեդականացում), 3. ինչպե՞ս դրսևորեց կինը իրեն այդ իրավիճակում (կանայք ինքնապաշտպանական մարտերում, Ավրորա Մարդիգանյանի օրինակը, և այլն)։ 4. ի՞նչ եղավ հայ կնոջ հետ Եղեռնից հետո` ինչպես են Եղեռնի հետևանքները ազդել կանանց մերօրյա կարգավիճակի ու դերի վրա։ ԲԱՆԱԽՈՍՆԵՐ ԱՆԻ ՔԱԼԱՋՅԱՆ, Meaningfulworld-ի նախագահ եւ հիմնադիր, Կոլումբիայի համալսարանի Ուսուցիչների քոլեջի հոգեբանության պրոֆեսոր, ԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Քլարկ համալսարանի Հոլոքոստի և Ցեղասպանությունների ուսումնասիրությունների Սթրեսլեր կենտրոնի դոկտորանտ, ԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտ, թուրքագետ ԳՈՀԱՐ ԽԱՆՈՒՄՅԱՆ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ (ՀՑԹԻ) Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 52 01 08 հեռախոսահամարով։