Բջջային հեռախոսների նախագիծը․ ֆիլմի դիտում և քննարկում
Հայկական բնապահպանական ճակատը «Հոդված 3» ակումբի հետ համատեղ դեկտեմբերի 19, ժամը 17։00-ին ցուցադրում է Բարսելոնայի Setem Catalunya և AulaMedia կազմակերպությունների համատեղ վավերագրական ֆիլմը՝ էլեկտրոնային տեխնոլոգիաների, մասնավորապես բջջային հեռախոսների արտադրության ողջ ապրանքային շղթայի մասին։ Ֆիլմի դիտմանը կհաջորդի քննարկում՝ սպառողականության կապիտալիստական քաղաքականության մասին։ Ինչպե՞ս է արտադրվում աշխարհում ամենամեծ սպառումն ունեցող ապրանքներից մեկը՝ բջջային հեռախոսը․ ի՞նչ հումքից, ինչպե՞ս է ստացվում հումքը, ո՞վ է հավաքում հեռախոսը, ի՞նչ պայմաններում, ինչո՞ւ են հեռախոսները բարոյապես մաշվում, ի՞նչ թափոններ են առաջանում, ո՞ւր են տեղափոխվում դրանք, ի՞նչ սոցիալական, բնապահպանական ու տնտեսական ազդեցություն ունի բջջային հեռախոսների արտադրությունը։ Ֆիլմն անդրադառնում է նաև անարդար արտադրական պրակտիկաների ու սպառողականության դեմ պայքարի մի շարք փորձերի։ Լեզուն՝ կատալոներեն հայերեն ենթագրերով Ֆիլմի տևողությունը՝ 30 րոպե Քննարկում՝ 40 րոպե Ֆիլմը տրամադրել է Setem Catalunya կազմակերպությունը Բջջային հեռախոսների սոցիալական կոնգրեսի ժամանակ՝ 2019թ․ փետրվարին։ Կոնգրեսի նպատակն էր հակադրվել Բարսելոնայում նույն օրերին ընթացող՝ բջջային հեռախոսների համաշխարհային կոնգրեսին՝ (Mobile World Congress) և ցույց տալ, թե տեխնոլոգիաների արտադրությունն ինչ քողարկված կողմեր ունի՝ աղտոտված հանքարդյունաբերական տարածքներ, աղքատացած ու առողջությունից զրկված բնակչություն, ժամանակակից ստրկատիրական կարգեր էլեկտրոնիկայի ֆաբրիկաներում, անսանձ սպառողականության խթանում, ահռելի էլեկտրոնային թափոնների կուտակում ու փոխանցում հարուստ երկրներից աղքատ երկրներ։
Ոստիկանությունը գաղտնալսելու է. օրենսդրական նախագծի ռիսկերը
Ոստիկանությանը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը հանրային լայն հնչեղություն ստացավ: Խորհրդարանում դեկտեմբերի 10-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Պատգամավորներն առաջարկում են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալ նաև ոստիկանությանը: Շատերը քննադատեցին պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը՝ նշելով, որ ԱԱԾ-ից բացի ևս մեկ կառույցի տրվում է քաղաքացիներին գաղտնալսելու հնարավորություն, ինչը մարդկանց վերահսկելու և նրանց նկատմամբ կոմպրոմատներ ձեռք բերելու ճանապարհ է բացում: Ինչո՞ւ առաջացավ ոստիկանությանը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տրամադրելու անհրաժեշտությունը, արդյոք այն կբարձրացնի իրավապահ համակարգի աշխատանքի արդյունավետությունը և ինչ ռիսկեր կան տվյալ նախաձեռնության առնչությամբ: Այս հարցերին հանգամանորեն կանդրադառնանք դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին, «Հոդված 3» ակումբում նախատեսվող «Ոստիկանությունը գաղտնալսելու է. օրենսդրական նախագծի ռիսկերը» թեմայով քննարկման ժամանակ: Բանախոսներն են. ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օրենսդրական նախաձեռնության համահեղինակ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, ազգագրագետ ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան
Գյումրին երկրաշարժից 31 տարի անց. ֆիլմի դիտում, քննարկում
31 տարի անց էլ Գյումրիում հարյուրավոր մարդիկ բնակվում են տնակներում: Կառավարությունը որոշել է «աղետի գոտու շահառու» համարվող 453 ընտանիքների բնակարանային կարիքները հոգալու համար 2020-ին հատկացնել 3 մլրդ դրամ։ «Հոդված 3» ակումբը CinéDOC միջազգային դոկումենտալ ֆիլմերի փառատոնի հետ համագործակցության արդյունքում բացառիկ հնարավորություն է ստացել ցուցադրել փառատոնի մրցույթային ծրագրի մասնակից WOUND ֆիլմը։ Ֆիլմը երիտասարդ հայ ռեժիսոր Արթուր Սուքիասյանի հայացքն է հարազատ քաղաքի՝ Գյումրու չսպիացող վերքերին։ Ֆիլմի հերոսները իրական մարդիկ են, որոնց ճակատագիրը 31 տարի առաջ աղետալի երկրաշարժի հետևանքով ամբողջովին փոխվեց ու վերքերը այդպես էլ չսպիացան։ Կարճամետրաժ ֆիլմի դիտումը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, ժամը՝ 14:00-ին, «Հոդված 3» ակումբում, որին կհետևի հանրային քննարկում: Քննարկման բանախոսներն են. ՏԱՆՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ, Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, Գյումրու Ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ
Մարդկային գրադարան «Դափնե» նախագծի հերոսների հետ
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16 օրյակի» շրջանակում այս տարի իրականացրեց մի շարք կրթական և մշակութային միջոցառումներ Երևանում և ՀՀ մարզերում։ 16 օրյակի արշավի միջոցառումները կամփոփվեն «Դափնե» նախագծի հերոսների հետ մարդկային գրադարանի ձևաչափով հանդիպմամբ, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 18:00-ին «Հոդված 3» ակումբում։ Պատահական չէ «Դափնե» նախագծի ընտրությունը. Դափնեն» նախագիծ է բազում դժվարություններ և մարտահրավերներ հաղթահարած մարդկանց մասին: Մարդիկ, ովքեր ի հեճուկս ճակատագրի հարվածների, զրկանքների, հուսախաբությունների կարողացել են դիմագրավել դժվարություններին ու առաջ գնալ: Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ոչ ֆորմալ, անկաշկանդ մթնոլորտում շփվել նախագծի հերոսների հետ, ծանոթանալ նրանց պատմություններին, տալ իրենց հետաքրքրող հարցերը և ևս մեկ անգամ ոգեշնչվել նախագծի հերոսների կամքի ուժով ու համարձակությամբ։ Մարդկային գրադարանի հյուրերն են՝ Զուզան Խուբոյան՝ https://bit.ly/2Ygy4Me Լենա Հարությունյան՝ https://bit.ly/383XKzS Նանա Մանուչարյան՝ https://daphnearmenia.com/2019/03/19/nanaarm/ Թագուհի Մանսուրյան՝ https://bit.ly/34H9x5c Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել կից հայտադիմումով՝ https://bit.ly/33GbmOF Մարդկային գրադարանի ձևաչափով այս հանդիպումը իրականություն է դարձել «ՄեդիաԼաբի» և «Դափնե» նախագծի հետ համագործակցության արդյունքում։
Երիտասարդական հնարավորությունների տոնավաճառ
Ցանկանո՞ւմ ես ներգրավվել ՀԿ ոլորտում, իմանալ ավելին ՀԿ-ների գործունեության մասին, զբաղվել կամավորական գործունեությամբ և ձեռք բերել նոր հմտություններ և աշխատանքային փորձ։ Միացի՛ր մեզ դեկտեմբերի 10-ին, 14:00-ին ՀԿ հնարավորությունների տոնավաճառին։ Միջոցառման ընթացքում շուրջ 30 կազմակերպություններ կներկայացնեն իրենց կամավորական հնարավորությունները և ծրագրերը, կկիսվեն իրենց նախաձեռնություններով ու կպատասխանեն քեզ հուզող հարցերին: Սպասվում են երիտասարդական միջազգային կրթական հնարավորությունների մասին տեղեկատվական ելույթներ, մրցույթներ, խաղեր և մրցանակներ։ Բաց մի՛ թող այս բացառիկ հնարավորությունը։ Կհանդիպենք դեկտեմբերի 10-ին, ժամը 14։00-ին, «Անի պլազա» հյուրանոցում։ Հասցեն՝ Սայաթ Նովա 19։ Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հետևյալ գրանցման հայտը՝ https://bit.ly/2sItQRT Հասարակական կազմակերպությունները ցանկության դեպքում ևս կարող են մասնակցել՝ լրացնելով սույն հայտը՝ https://bit.ly/2DFgW9d։ Տեղերը սահմանափակ են։ Գրանցման վերջնաժամկետը ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ն է։ Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 52 01 08 հեռախոսահամարով։