Առողջության համապարփակ ապահովագրություն
Վերջին օրերին բուռն քննարկվում է առողջապահության նախարարության ներկայացրած հայեցակարգը Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրություն ներդնելու մասին։ Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանել առողջության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով։ Նախաձեռնության կողմնակիցները նշում են ողջ բնակչության համար առողջապահական ծառայությունների հասանելիության կաևորության մասին, իսկ ընդդիմախոսները «նախագիծը համարում են շատ մեծ սխալ»: Նախարարությունում նշում են՝ խոսքը ներառական համակարգի մասին է, համաձայն որի, առողջապահությունը Հայաստանի 3 միլիոն քաղաքացիների համար հասանելի դարձնելու համար պետք է աշխատող մարդիկ վճարեն առողջապահական հարկ: Այդ հարցը լուծելու համար, նախարարության հաշվարկով, 250 միլիարդ դրամ է պետք, իսկ բյուջեն տալիս է 109 միլիարդ: Նախնական հաշվարկների համաձայն, աշխատող բնակչության 41 տոկոսից ավելին ամսական 150 հազար դրամ և ավելի եկամուտ ունի, ու նրանց համար առողջապահության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ: Իսկ ովքեր ավելի փոքր եկամուտ ունեն, այդ հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով։ Առողջապահության համապարփակ ապահովագրությունը, եթե ընդունվի, պարտադիր է լինելու բոլորի համար՝ ուսանող, թոշակառու, գործազուրկ, թե բարձր եկամուտով ֆինանսիստ: Նախագծի ընդդիմախոսները նշում են առաջարկվող մոդելի ոչ արդարացի լինելու մասին: Նրանց խոսքով՝ փաստացի աշխատողները պետք է վճարեն չաշխատողների առողջապահական ծախսերի համար: Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հանգամանորեն կանդրադառնանք «Հոդված 3» ակումբում դեկտեմբերի 3-ին, ժամը՝ 12:00-ին, նախատեսված «Առողջության համապարփակ ապահովագրություն» թեմայով քննարկման ժամանակ: Բնախոսներն են. ԾԱՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ ՀԱՅԿ ՄԱՆԱՍՅԱՆ, բժիշկ ՓԱՅԼԱԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, «Հարկատուների պաշտպանություն» ՀԿ ղեկավար
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ որքանո՞վ են արդյունավետ օրենսդրական մեխանիզմները
Նոյեմբերի 25-ին մեկնարկում է «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ ակտիվության 16-օրյակ» ամենամյա քարոզարշավը, որը նպատակ ունի բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը կանանց նկատմամբ բռնության խնդրի վերաբերյալ։ Այդ 16 օրերը ձգվում են նոյեմբերի 25-ից (Կանանց նկատմամբ բռնության վերացման օր) մինչև դեկտեմբերի 10-ը (Մարդու իրավունքների օր)։ Ընտանեկան բռնության խնդիրը Հայաստանում թեպետ շատ չի բարձրաձայնվում, սակայն տարեց տարի ավելացող դեպքերը լուրջ մտահոգության առիթ են: Շուրջ 2 տարի է՝ գործում է «Ընտանիքում բռնության կախարգելման մասին» օրենքը, սակայն ընտանեկան բռնության ահասարսուռ դեպքերը շարունակվում են արձանագրվել։ Այս տարվա մայիսին ոստիկանությունը հայտնեց Շահումյան գյուղում 30-ամյա Մարիամ Ասատրյանի սպանության մասին: Սպանությունը կատարել էր նրա զուգընկերը, որը, ինչպես պարզվեց, տարիներ շարունակ ֆիզիկական ու հոգեբանական բռնություն էր կիրառել կնոջ նկատմամբ: Այդ մասին տեղեկացվել էր նաև ոստիկանությունը: Մինչ այդ 2018 թվականի սեպտեմբերին Արմավիրի մարզում տեղի ունեցավ մանկահասակ երեխայի սպանության դաժան դեպք։ Նախնական տվյալներով՝ երեխայի նկատմամբ բռնություն էր գործադրել հայրը։ Վերջինս, ըստ պաշտոնական տվյալների, ծեծել է մանկահասակ որդուն, բռնություն գործադրել նաև կնոջ նկատմամբ։ Այս և բռնության այլ դեպքերը վկայում են, որ ընտանիքում բռնությունից պաշտպանության օրենսդրական մեխանիզմները թերի են աշխատում։ Կանանց իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են` վերջին 8 տարում Հայաստանում առնվազն 60 կին է սպանվել ընտանիքում: ՀՀ Քննչական կոմիտեի տվյալներով՝ 2018 թվականի ընթացքում քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 քրեական գործ՝ նախորդ տարվա 458-ի դիմաց։ Ընդ որում` քրեական գործերի մեծ մասի` 193 դեպքում բռնությունը կիրառողը եղել է ամուսինը, 12 դեպքում՝ կինը, 12 դեպքում` մայրը, 27 դեպքում՝ հայրը, 2 դեպքում` խորթ հայրը, 13 դեպքում՝ եղբայրը կամ քույրը, 4 դեպքում` տատը կամ պապը, 40 դեպքում` հարազատ կամ որդեգրած զավակը, 7 դեպքում` թոռը, 9 դեպքում՝ ամուսնու ծնողները, 13 դեպքում՝ հարսը կամ փեսան։ Ինչո՞ւ են Հայաստանում շարունակվում ընտանեկան բռնության դաժան դեպքերը, ինչո՞ւ ընդունված օրենքի կանխարգելիչ մեխանիզմները լիարժեք չեն գործում, ոլորտում ի՞նչ ինստիտուցիոնալ խնդիրներ կան և պատրա՞ստ է արդյոք պետական ապարատն ընտանիքում բռնության կանխարգելման օրենսդրական մեխանիզմների կիրառմանը։ Այս հարցերին հանգամանորեն կանդրադառնանք «Հոդված 3» ակումբում՝ նոյեմբերի 25-ին, ժամը՝ 11։00-ին նախատեսված «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ որքանո՞վ են արդյունավետ օրենսդրական մեխանիզմները» թեմայով քննարկման ժամանակ։ Բանախոսներ են․ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ ՕԼԳԱ ԱԶԱՏՅԱՆ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական ԹԱԳՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆ, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ
Փոխվում է «Կուսակցությունների մասին» օրենքը. ի՞նչ է սպասվում կուսակցական համակարգին
Հայաստանում ընթանում են ակտիվ քննարկումներ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների շուրջ: Ձևավորվել է աշխատանքային խումբ, որում ներառված են փորձագետներ, կուսակցությունների և ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ: Առաջարկվում է բարձրացնել կուսակցությունների ֆինանսական աղբյուրների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Նպատակն է հզորացնել և ինստիտուցիոնալ առումով կայացնել կուսակցական համակարգը, քանի որ տասնամյակներ շարունակ դրանք ձևավորվել են անձերի շուրջ և կախված են եղել նրանց ռեսուրսներից: Ուստի, պատահական չէ, որ համաձայն վերջին հարցումների՝ հանրության վստահության աստիճանը կուսակցությունների նկատմամբ չի գերազանցում մի քանի տոկոսը: Միևնույն ժամանակ, նախատեսում է հստակեցնել կուսակցություններին տրվող ֆինանսավորման եղանակը, քանի որ նախկինում պետական ֆինանսավորումից միայն խորհրդարանական կուսակցություններն են օգտվել։ Վերջին 10-ը տարիների ընթացքում կուսակցություններին հատկացվել է մոտ 900 միլիոն դրամ։ Դրա առյուծի բաժինը, մոտ 70-80 տոկոսը գնացել է իշխող կուսակցություներին: Աշխատանքային խմբի անդամներն ասում են՝ ֆինանսավորման բարձրացմանը զուգընթաց պետք է նաև կուսակցություններն ավելի թափանցիկ և հաշվետվողական լինեն։ Նախորդ իշխանությունների տարիներին ներմուծված և ներկայիս իշխանությունների կողմից քննադատության ենթարկված ռեյտինգային ընտրակարգն էլ են նախատեսում փոփոխել: Ինչ փուլում են գտնվում «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների շուրջ քննարկումները, երբ կներկայացվի օրենսդրական փոփոխությունների նախագիծը, ինչ հիմնական փոփոխությունների շուրջ է աշխատանքային խումբը եկել համաձայնության: Այս հարցերին հանգամանորեն կանդրադառնանք նոյեմբերի 22-ին, ժամը՝ 11:00-ին, «Հոդված 3» ակումբում նախատեսվող «Փոխվում է «Կուսակցությունների մասին» օրենքը. ի՞նչ է սպասվում կուսակցական համակարգին» թեմայով քննարկման ժամանակ: Բանախոսներն են. ՀԱՄԱԶԱՍՊ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող, «Իմ քայլը» խմբակցության անդամ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ, Օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԽԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Բանախոսների ցանկը կհամալարվի